Սոցիալական հարցեր

Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում գենդերային հավասարության խթանման և խնամքի աշխատանքի խնդիրների վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում գենդերային հավասարության խթանման և խնամքի աշխատանքի խնդիրների վերաբերյալ

Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում գենդերային հավասարության խթանման և խնամքի ոլորտում ներդրումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գենդերային հավասարության խթանում և ներդրումներ խնամքի ոլորտում. բազմակողմ հանրային քննարկում» խորագրով միջոցառումը կազմակերպել են ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը։

Բացման խոսքում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը նշեց, որ Հայաստանը գենդերային հավասարության և զբաղվածության ռազմավարություններում արդեն իսկ ստանձնել է հանձնառություններ, որոնք առաջ կմղեն արժանապատիվ աշխատանքն ու գենդերային հավասարությունը։

«Հայաստանն անհրաժեշտ է միասնական ռազմավարություն, որը ներառում է խնամքի պլանավորում, սոցիալական հարմարվողականություն։ 

Երեխաների և տարեցների խնամքի ու հաշմանդամների աջակցության մեջ ներդրումներ անելը երկրին կապահովագրի տնտեսական և շրջակա միջավայրի ցնցումներից։ Որպես խնամքի տնտեսություն ունեցող երկիր՝ Հայաստանը կունենա հնարավորություն վերաիմաստավորել խնամքը՝ բարձրացնելով ներառական զարգացումը և դիմակայունությունը»,-համոզմունք հայտնեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ քայլերից պետք է լինեն կանանց և տղամարդկանց միջև տնային տնտեսության և խնամքի աշխատանքի վերաբաշխումը, արդար աշխատավարձի տրամադրումը, սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում խնամք տրամադրողների, ստացողների ձայնի լսված լինելու ապահովումը։ 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան  կարևորեց թեմայի շուրջ հանրային քննարկման կազմակերպումը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները ոչ միայն կարծիքների փոխանակման արդյունավետ հարթակ են, այլ նաև հնարավորություն համակարգային լուծումների մշակման գործում։ 

«Կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գենդերային հավասարության և կանանց տնտեսական հզորացման քաղաքականություն՝ հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք դեռ հաճախ սահմանափակված են իրենց ներուժը լիարժեք իրացնելու հարցում։ Նրանք մեծապես ներգրավված են չվճարվող աշխատանքների՝ երեխաների, ավագ սերնդի ներկայացուցիչների և ընտանիքի այլ անդամների խնամքի գործում։ Սա ոչ միայն սոցիալական, այլ նաև տնտեսական խնդիր է, քանի որ այդ աշխատանքը երբեմն սահմանափակում է կանանց մասնակցությունը աշխատաշուկայի վճարովի աշխատանքներին։ Առկա խնդիրների հաղթահարման նպատակով կառավարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն խրախուսել կանանց տնտեսական հզորացումը»,-ասաց Թորոսյանը։

Միջոցառմանը ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներն անդրադարձան արդար բաշխման և խնամքի աշխատանքի ճանաչման միջոցով գենդերային հավասարության հասնելու ուղուն, Հայաստանում խնամքի աշխատանքի համատեքստում ընտանեկան պարտավորություններ ունեցող աշխատողներին, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագետը ներկայացրեց կառույցի ստանդարտներն արժանապատիվ աշխատանքի և խնամքի տնտեսության վերաբերյալ։ 

Խնամքի աշխատանքի մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը մասնակցեցին պետական և միջազգային կառույցների, քաղհասարակության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։  

Նշենք, որ հոկտեմբերի 29-ը Խնամքի և աջակցության միջազգային օրն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում