Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից
3 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ Հայաստանը ներկայացնող մարզիկների գրանցած արդյունքներից:
«Աշխարհի այս առաջնությունը մեզ համար շատ հաջող ստացվեց: Ես մեդալային ակնկալիքներ ունեի, այո: Ափսոսում եմ, որ Մամիկոն Խաչատրյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն՝ հավաքելով նույնքան միավոր, որքան չեմպիոն դարձած մարզիկը: Կարող էինք նաև աշխարհի չեմպիոն դառնալ: Ափսոսում է, որ Համլետ Մանուկյանը, որը լուրջ ներուժ ունի, միայն 4-րդ տեղը զբաղեցրեց»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերոբյանը:
Մասնագետի խոսքով` հենացատկի վրա իր վարժությունն անթերի է կատարել Արթուր Դավթյանը, որի ներկայությունը և մասնակցությունն առաջնությանը մեծ դեր է խաղացել ամբողջ թիմի ու մասնավորապես երիտասարդների դրական մասնակցության վրա:
«Մենք, այս արդյունքներով հանդերձ, շատ աշխատանք ունենք կատարելու: Բարդ է լինելու, բայց հաջորդ տարվանից թիմային ենք մասնակցելու մրցաշարերին: Նպատակ ունենք Օլիմպիական խաղերի թիմային վարկանիշ նվաճել»,-առանձնացրեց նա:
Անդրադառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանի ելույթներին` Սերոբյանն ընդգծեց, որ աշխարհի առաջնության ժամանակ արձանագրված թերությունները նրան կստիպեն կատարյալ մասնակցություն ունենալ հաջորդ կարևոր ստուգատեսներին:
«Այս տարի նա միայն հաղթանակներ էր ունեցել, և հիմա պետք է, որ նաև պարտության համը զգա: Հաստատ գիտեմ, որ զայրացած է ինքն իր վրա, բայց նաև գիտեմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է լինելու»,-ընդգծեց մասնագետը:
Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը ևս գոհ է մարզիկների կատարած աշխատանքից:
«Մեր մարզիկներն արեցին իրենց լավագույնը։ Մասնավորապես Արթուր Դավթյանը իր լավագույն ցատկը կատարեց»,-շեշտեց Նազարյանը:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ: