Մամուլի սրահ

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

6 րոպեի ընթերցում

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Հայաստանում կանայք շաբաթական ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանքի վրա, քան տղամարդիկ։ Կանայք, ներգրավված լինելով տնային գործերում, ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են, քանի տղամարդիկ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվերով, ՄԹ ֆինանսավորմամբ «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք շաբաթական միջինը 15.3 ժամ տրամադրում են տնային գործերին՝ խոհանոց, մաքրություն, լվացք և 8.6 ժամ՝ խնամքին՝ երեխաներ, ավագ սերունդ և այլն։ Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այդ ծանրաբեռնվածության բարձրակետը բաժին է ընկնում 30-35 տարեկան կանանց՝ հասնելով շաբաթական 44-49 ժամի:

«Տղամարդիկ տնային գործերին տրամադրում են շաբաթական միջինը 3.6 ժամ, իսկ խնամքին՝ 2.2 ժամ, ինչը 30-40 տարեկանում հասնում է իր բարձրակետին՝ ընդամենը 8-11 ժամի: Ինչպես ուսումնասիրությունները ցույց են տալիս, աշխատանքային տարիքում կանայք մոտ 4-5 անգամ ավելի աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։ Սա չմոնետիզացված աշխատանք է, այսինքն, չի վճարվում, սակայն կանայք, նման աշխատանք կատարելով, արդյունքն են ստեղծում, ինչը շատ կարևոր է և պետք է գնահատվի»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը։

Վերլուծելով արդյունքները՝ Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ կանայք, ընդհանուր առմամբ կատարած աշխատանքի 78 տոկոսի համար չեն վճարվում։ Այսինքն, սա ծանրաբեռնվածության այն տոկոսն է, որը կինը ծախսում է տանը՝ ընտանիքի խնամքի վրա։ Փաստացի ստացվում է , որ կանայք վճարվում են իրենց կատարած աշխատանքի 22 տոկոսի դեպքում։ Տղամարդկանց պարագայում մոտ 11 տոկոսը չվճարվող է, 89 տոկոսը՝ վճարվող։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի Լուսինե Սարգսյանը նշեց, որ կանայք այսպիսի ծանրաբեռնվածությամբ շատ հաճախ ընտրության առաջ են կանգնում։ Ֆորմալ աշխատանք գտնե՞լ, մասնագիտական առաջխաղացում ունենա՞լ, թե՞ ընտանիք կազմել, երեխա ունենալ։

«Սա ժողովրդագրական խնդիր է առաջացնում մեր երկրի համար, և մենք չենք ուզում, որ ցանկացած մարդ այս ընտրության առաջ կանգնի։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ կամ-կամը փոխարինվի և-և-ով։ Ընտանիքը կարողանա աշխատել, ունենալ ֆորմալ զբաղվածություն և կարողանա ժամանակ հատկացնել ընտանիքին։ Այդ համապատասխան պայմաններ կարող են լինել տարբեր ծառայությունների ինստիտուտներն ուժեղացնելու միջոցով։ Օրինակ, խնամքի կենտրոնները, մանկապարտեզները լավ զարգացած ու հասանելի լինեն և այլն»,-ասաց Լուսինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ պետությունը ճանաչի կնոջ՝ ընտանիքի, երեխաների խնամքին տրամադրած ժամանակը որպես գործ, և սոցիալ տնտեսական հավասար պայմաններ ստեղծվեն նույն կենսաթոշակային տարիքի ժամանակ։

Շաբաթական 44-49 ժամ տանը ծախսելը նշանակում է, որ որոշ կանայք 2 դրույք են աշխատում, որովհետև եթե գործատուի մոտ աշխատելով, շաբաթական ծախսում են 40 ժամ, ապա հետո էլ 44-49 ժամ տնային գործերի ու խնամքի վրա։ Ստացվում է, որ այստեղ լուրջ ծանրաբեռնվածության խնդիր կա։ Լուսինե Սարգսյանի գնահատմամբ՝ թե տնտեսական, թե մարդու իրավունքների առումով սա ճիշտ չէ, կանայք նաև իրենց համար ժամանակ չեն ունենում։ Գերծանրաբեռնվածությունն ազդում է  արտադրոողականության վրա՝ թե աշխատավայրում, թե տանը։ Նա նկատեց՝ շատ կարևոր է, որ աշխատավայրերն ավելի ընտանիքամետ դառնան։

«Եթե մենք ցանկանում ենք, որ ֆորմալ աշխատանքում ել հաջողենք, պետք է գործատուն ընդունի, որ կա ընտանիք։ Չափազանց կարևոր է, որ կինը այդ մշտական մեղավոր լինելու զգացողությամբ առաջ չգնա։ Այսինքն, մեղավոր զգա, որ ընտանիքի հետ քիչ ժամանակ է անցկացնում, տանն էլ չմտածի, որ աշխատավայրում գործ է կիսատ թողել։ Կարևոր է, որ համապատասխան պայմաններ ստեղծելով, վերաբերմունք ձևավորելով, պետության կողմից գնահատելով այնպիսի իրավիճակ լինի, որ կանայք հանգիստ իրենց ներուժը իրացնեն ու ընտանիքի հետ ծախսած ժամանակը լինի որակյալ»,-ասաց Լուսինե Սարգսյանը։

Կանայք հասարակության մեջ շատ ավելի արտադրողական են, որովհետև շատ ավելի կրթված են։ Հետևաբար, ըստ բանախոսների, պետք է կանայք ունենան հնարավորություն աշխատելու, որ տնտեսությունը չզրկվի ավելի բարձր ավելացված արժեք ստեղծելուց։

Բանախոսներն ընդգծեցին, որ խոսքը նրա մասին չէ, որ կանայք անպայման պետք է ֆորմալ աշխատանք ունենան կամ տանը կատարած աշխատանքը պետք է վարձատրվի։ Այլ պետք է անհրաժեշտ պայմաններով ու տարբերակված մոտեցմամբ կնոջը, ընտանիքին ընտրության հնարավորություն տալ ինչպես կազմակերպել աշխատանքն ու ընտանիքի խնամքը, ինչը կարևոր կլինի պետության, տնտեսության, գործատուի ու ընտանիքի համար։

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում