Բեռնափոխադրողների խնդիրը քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ. ԱԳ նախարար
1 րոպեի ընթերցում

Բեռնափոխադրող հայաստանցի վարորդների առջև առաջացող խնդիրները քննարկվում է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարկում ենք բեռնափոխադրումների և հայ վարորդների առջև առաջացող որոշակի խնդիրների հարցը։ Գիտենք, որ Ռուսաստանում 90 օր է սահմանված մուտքի թույլտվությունը։ Սա, իհարկե, հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, բայց նման իրավիճակում են ոչ միայն հայաստանցի վարորդները, այլև ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների քաղաքացիները։ Հարցը քննարկվում է, և հուսանք առաջիկայում դրական լուծումներ կլինեն»,– ասաց Միրզոյանը։
Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մնում են ինտենսիվ ու կարևոր։
Նրա խոսքով՝ այս ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ և հեռախոսազրույցներ։