Կամերունի 92-ամյա ղեկավարն 8-րդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

Կամերունի 92-ամյա նախագահ Փոլ Բիյան հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող և այդ պաշտոնը կզբաղեցնի 8-րդ անգամ: Նա ստացել է ձայների 53,7%-ը, իսկ ընդդիմադիր թեկնածու Իսա Չիրոմա Բաքարին՝ 35,2%-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Բիյան, որն իշխանության է եկել 1982 թվականին, աշխարհում ամենատարեց պետության ղեկավարն է: 8-րդ ժամկետով ընտրվելը նշանակում է, որ նա կկառավարի երկիրը մինչև 2032 թվականը, երբ կլինի գրեթե 100 տարեկան:
Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Կամերունի տնտեսական մայրաքաղաք Դուալայում ցույցեր են տեղի ունեցել: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ առնվազն 4 մարդ է զոհվել:
Միևնույն ժամանակ ընդդիմադիր թեկնածու Բաքարին հայտնել է, որ Գարուա քաղաքում իր տան առջև հավաքված ցուցարարների վրա կրակել են. կան զոհեր, որոնց թիվը չի նշվում: Բաքարիի պնդմամբ՝ իր տան դիմացի տանը 5 դիպուկահար է գտնվում:
Կամերունի մայրաքաղաք Յաունդեում տիրող լարվածության պատճառով գրեթե բոլոր խանութներն ու դպրոցները փակվել են: Տարբեր գրասենյակների աշխատակիցներ նույնպես մնացել են տանը: