ՊԵԿ նախագահը եկամուտների հայտարարագրման գործընթացում սպասվող փոփոխությունները հետքայլ չի համարում
2 րոպեի ընթերցում
Հանրապետությունում ընթացիկ տարում եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 133 հազար քաղաքացի։ 51 հազար մարդ արդեն ստացել է սոցիալական կրեդիտներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ խորհրդարանը քննարկում է հայտարարագրման գործընթացում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի, քաղաքացիները կարող են մուտք չգործել համակարգ ու հայտարարագիր չներկայացնել։ Այդ պարագայում, քաղաքացու տվյալները համակարգում ավտոմատ կերպով կլրացվեն ու ՊԵԿ-ը կհամարի հայտարարագիրը լրացրած։ Դրանից հետո, ՊԵԿ-ն իր վերլուծական գործիքներով կստուգի այլ տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք քաղաքացին թաքցնում է այլ եկամուտներ։
«Այստեղ ուզում եմ ընդգծել, որ այս պարագայում, եթե քաղաքացին համակարգ մուտք չի գործում ու անձամբ չի ստորագրում հայտարարագիրը, այլ ավտոմատ կերպով է դա արվում, ապա նա չի ստանալու սոցիալական կրեդիտ։ Այսինքն՝ ամրապնդում ենք խրախուսական բաղադրիչը»,-ասաց Էդուարդ Հակոբյանը։
Հարցին, թե արդյոք այս օրենսդրական փոփոխությունը հետքայլ է, Էդուարդ Հակոբյանը պատասխանեց, որ նման բան չկա, ընդհակառակը։ Սա հօգուտ քաղաքացիների է, և էապես բարձրացնում է համակարգի արդյունավետությունը։