Մեկնարկեց «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» խորագրով միջազգային համաժողովը
6 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» խորագրով միջազգային համաժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Տարածաշրջանային գիտական միջազգային ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովի օրակարգում ընդգրկված են միջազգային մակարդակում առաջնահերթ համարվող խնդիրները՝ կլիմայի փոփոխությանը դիմակայուն ենթակառուցվածքներ, զրոյական ածխածնային և էներգաարդյունավետ շենքեր, բիոակտիվ և էկոլոգիապես մաքուր շինանյութերի կիրառություն, տեղեկատվական մոդելավորման, ԱԲ-ի և հեռահար սենսորների ներդրում, քաղաքների թվային վերափոխում և շրջակա միջավայրի վերահսկում GIS:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը նշեց, որ համաժողովը ոչ միայն պարզապես գիտական միջոցառում է, այլ գաղափարների, համագործակցության և առաջընթացի հավաստիք։

«Այն համախմբել է տարբեր երկրների գիտնականների, ճարտարագետների, հետազոտողների և փորձագետների՝ միասին քննարկելու քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության արդի մարտահրավերներն ու դրանց լուծումները»,-ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհագրորեն ընդլայնվել է ՃՇՀԱՀ-ի միջազգային համագործակցության շրջանակը, արդիականացվել են կրթական ծրագրերը, իսկ գիտահետազոտական լաբորատորիաները համալրվել են ժամանակակից սարքավորումներով։ Այդ ամենի արդյունքում համալսարանի գիտական կենտրոններն ու լաբորատորիաները հաջողությամբ իրականացնում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ՝ ուղղված շինարարության ոլորտի առկա խնդիրների լուծմանը՝ սեյսմակայուն կառույցների նախագծմանը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմանը, շինարարական նոր նյութերի բացահայտմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։
«Աշխարհի տարբեր երկրներից այսքան մեծ թվով գործընկերների ներկայությունը վկայում է, որ կրթությունն ու գիտությունը բոլոր երկրների ոլորտային առաջընթացի շարժիչ ուժն են և միաժամանակ ծառայում են որպես յուրօրինակ կամուրջ՝ միավորելով գիտական մտքերն ու արժեքները ընդհանուր զարգացման նպատակի շուրջ»,-համոզմունք հայտնեց ռեկտորը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովը կդառնա ոչ միայն գիտական փոխանակման հարթակ, այլև նոր գործընկերությունների, համատեղ հետազոտությունների և միջազգային համագործակցության շարունակականության սկիզբ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը գիտաժողովը լավ հնարավորություն համարեց՝ հյուրընկալելու ոլորտի փորձագետների աշխարհի հեղինակավոր բուհերից։

«Գիտաժողովը հրաշալի առիթ է՝ ծանոթանալու ճարտարագետների մասնագիտական գործունեությանը, վերափոխվող արդի տեխնոլոգիաներին, նորարական լուծումներին հարմարվողականության առումով։ Առիթ է նաև մտքերի փոխանակմամբ համատեղ ուրվագծելու մասնագիտության հեռանկարը։ Սա մեծապես կօգնի Քաղաքաշինության կոմիտեին, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողներին կատարելագործել և մշտապես շոշափել ոլորտի զարկերակը»,-ասաց Պետրոսյանը։
Նյու Յորքի Կոռնելի համալսարանի Քաղաքային և տարածաշրջանային պլանավորման դեպարտամենտի տարածաշրջանային գիտությունների հետբուհական կրթության գծով տնօրեն Ջոն Քարութերսի դիտարկմամբ՝ նման համաժողովները լավագույն միջոցն են ամբողջ աշխարհում տարածելու հետազոտությունների, նորարարությունների արդյունքները։

Ըստ նրա՝ այդ առումով համաժողովի գիտնականները հնարավորություն ունեն իրենց հոդվածները տպագրելու Growth and Change պարբերականում։
«Այստեղ գտնվելու իմ նպատակներից է հանդիպել գործընկերների աշխարհի տարբեր երկրներից և ծանոթանալ այն խնդիրներին, որոնց նրանք են բախվել՝ համեմատելով, թե արդյոք դրանք մոտ են մեր երկրի խնդիրներին։ Ցանկանում եմ ընդգծել այս համաժողովի կարևորությունն այդ խնդիրներով մտահոգված գիտնականների ներագրավման, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները դիտարկելու և մեր մտքերը համատեղելու առումներով»,-հավելեց Քարութերսը։
Գիտաժողովի խոսնակների և գիտական կոմիտեի կազմում ընդգրկված են բարձր վարկանիշ և հեղինակություն ունեցող գիտանականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ղազախստանից, Իրանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Գիտաժողովի գործընկերներն են Wiley կրթության և հետազոտությունների ոլորտի համաշխարհային առաջատար հրատարակչությունը,
ԱՄՆ Կոռնելի համալսարանը, Ղազախստանի Կորկիտ Աթա համալսարանը, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանը, Մոսկվայի պետական շինարարական համալսարանը, Լեհաստանի Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանը, Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիան (RSAI)։