Վերջին հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման գործում կա առաջընթաց. Արմեն Պետրոսյան

7 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո և մեկնարկած գործընթացի համատեքստում նկատվում է Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության կառուցման գործընթացի ամրապնդում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Արմեն Պետրոսյանն անդրադարձավ այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ շուտով Ադրբեջանի տարածքով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, ինչպես նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ 

«Ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային տարբեր դերակատարներ, փորձում են նպաստել և աջակցել խաղաղության գործընթացին, և այդ համատեքստում փաստացի իրականացվում են տարբեր նախաձեռնություններ։ Մենք արդեն իսկ տեսնում ենք երկկողմ հռետորաբանության կտրուկ փոփոխություն, խաղաղության մասին ավելի հաճախ հնչող և դրական շեշտադրումներ պարունակող խոսույթ, համագործակցության հեռանկարների մասին տարբեր կանխատեսումներ, հնարավորությունների շեշտադրումներ և, իհարկե, նաև պրակտիկ քայլերի իրականացում»,-ասաց Պետրոսյանը։ 

Նա վկայակոչեց վերջին շրջանում բավականին ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի բանակցությունները։ Ըստ այդմ՝ երկու երկրների առաջնորդներն ու այլ  պաշտոնատար անձինք՝ լինի արտգործնախարարների, թե փոխվարչապետների մակարդակով, օգտագործում են երկկողմ շփումներ ունենալու և խաղաղության գործընթացն ամրապնդելու առիթները։ 

«Բացի դրանից, հասարակական-քաղաքական շրջանակների միջև նույնպես տեղի է ունենում շփումների ակտիվացում, երբ երկու երկրների վերոհիշյալ շրջանակների ներկայացուցիչները հանդիպում են ինչպես երրորդ երկրներում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում կազմակերպվող միջոցառումների շրջանակում։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի տարածքը այլևս բաց է Թուրքիա-Ադրբեջան բեռնափոխադրումների համար, վկայում են այն մասին, որ երկու կողմերի միջև խաղաղության կառուցման գործընթացում կա առաջընթաց և, ինչու ոչ, նաև դրական մրցակցություն՝ բարենպաստ միջավայրն ավելի բարելավելու և պրակտիկ քայլեր ու նախաձեռնություններ իրականացնելու գործընթացն ամրապնդելու առումով»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ շուտով Ադրբեջանի տարածքով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը՝ Պետրոսյանն ընդգծեց, որ դա խորհրդանշական կարևոր քայլ է, որով պարզապես Իլհամ Ալիևն իր հայտարարությունը պրակտիկ կերպով իրականացնելու հնարավորություն է ընձեռում և դա որպես օրինակ ի ցույց է դնում։ 

«Բայց այստեղ կա ևս մի հանգամանք։ Ալիևն, ըստ էության, ընդգծում է տարանցման հարցում հատկապես Ադրբեջանի դերակատարությունը։ Հարևան երկրի տարածքով դեպի Հայաստան իրականացվող այս խորհրդանշական բեռնափոխադրումը հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը՝ որպես այլընտրանքային երթուղիներ կամ ենթակառուցվածքային կապուղիներ առաջարկող պետություն, որը փաստացի հնարավորություն է ընձեռում, որպեսզի նախկինում, կոնֆլիկտային ժամանակաշրջանում Հարավային Կովկասում եղած ենթակառուցվածքային տարբերակների փոխարեն օրակարգ բերվեն նոր երթուղիներ՝ ցույց տալով դրանց շահագործման պրակտիկ հնարավորությունը»,- պարզաբանեց Պետրոսյանը։

Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ալիևի քայլն ունի նաև քարոզչական նշանակություն, այն է՝ Ադրբեջանն իր տարբեր նախաձեռնությունների շարքում և հատկապես տարբեր տարածաշրջաններում ներգրավվածության համատեքստում թվարկելու է նաև վերջին նախաձեռնությունը։  

«Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից ԵՄ երկրներին էներգակիրներ հասցնելուն, Սիրիային գազ մատակարարելուն, Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապ հաստատելուն և, անշուշտ, նաև ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով Հայաստան հասցնելու նախաձեռնությանը։ Ալիևն այդ ամենն օգտագործելու է ԱՄՆ-ի հետ տարաբնույթ բանակցություններում՝ ցույց տալով, որ պրակտիկ քայլեր է իրականացնում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։   

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ  Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը հոկտեմբերի 22-ին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը կարևոր քայլ է արել։ Նրա գնահատմամբ՝ դա չափազանց կարևոր հայտարարություն է։  «Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»,- ասել է վարչապետ Փաշինյանը։ 

Հայերեն English Español فارسی Русский Türkçe