«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվել է 28 ծրագիր, ընթացքում է 40-ը

9 րոպեի ընթերցում

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում արդեն իրականացվել է 28 ծրագիր, ընթացքում է 40-ը, առաջիկայում նախատեսվում է սկսել ևս 10 ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից՝ ծրագրերին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզում տեղի ունեցած լրագրողական շրջայցի ընթացքում։

Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում նախաձեռնության կողմից իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց են կատարել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանը, ծրագրերին աջակցող եվրոպական պետությունների դեսպաններ, ծրագրերի ղեկավարներ։

Առաջին կանգառը Սիսիան համայնքի «Բալաք գյուղի սերմարտադրողների և արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվն էր, որը ստեղծվել է Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «ECOserve» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկված է նաև Շվեյցարիայի «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի շահառուների շարքում՝ որպես  ընտրված 5 կոոպերատիվներից մեկը։ 

Ինչպես ներկայացրին կոոպերատիվի անդամները՝ ցուցադրական գյուղում իրականացվում են բնական խոտհարքերը բարելավելու և չօգտագործվող վարելահողերի վերաօգտագործմանն ուղղված աշխատանքներ։ Նախաձեռնության հիմնական նպատակը արոտավայրերի կայուն կառավարման ապահովումն է և լրացուցիչ կերի արտադրությունը՝ կոոպերատիվի անդամների և գյուղացիների համար, որը նպաստում է արոտավայրերի չափից շատ օգտագործման նվազեցմանը։ 

Ծրագրի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել Գերմանիան, Շվեյցարիան, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Այնուհետև շրջայցի մասնակիցները ծանոթացան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Շվեյցարիայի,Ավստրիայի, Գերմանիայի աջակցությամբ իրականացվող ծրագրին։

Ուսումնական այս հաստատությունը գյուղատնտեսության ոլորտում երկակի ուսուցում (դուալ մոդել) իրականացնող 6 թիրախային քոլեջներից մեկն է՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Քոլեջի ուսանողները և շրջանավարտները գործնական ուսուցումն անցնում են գործընկեր ֆերմաներում և ընկերություններում, օրինակ՝ «Սիս-Ալպ» կաթի վերամշակման գործարանում։ Քոլեջը բարելավել է իր ուսուցման և ուսումնառության պայմանները՝ շնորհիվ կանոնավոր վերապատրաստումների, նոր ուսումնական ծրագրերի, ինչպես նաև արդիականացված սարքավորումների։ 

Այն մեկն է  մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 2 հաստատություններից, որոնք կվերակառուցվեն/ կվերանորոգվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրելիք «Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակում։

Այնուհետև՝ Գորիսում տեղի ունեցավ ավագ սերնդի կենտրոնի բացումը, որը «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից իրականություն է դարձել ԵՄ-ի և Գերմանիայի աջակցությամբ։ 

Կենտրոնի առաքելությունն է բարելավել Գորիս համայնքի տարեց բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կյանքի որակը՝ ապահովելով արժանապատիվ ծերացում և նպաստելով նրանց սոցիալական ներառումը։ Կենտրոնը հիմնվել է Եվրոպական միության կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցով, որի շրջանակում  շենքի 500 քմ տարածքը վերանորոգվել է, կահավորվել են խոհանոցը, 2 արհեստանոցը և պահեստը։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը աջակցել է մասնակի նորոգմանն ու սանհանգույցի հարմարեցմանը։

Գորիսի Հայ-ֆրանսիական սրտանոթային կենտրոնում են գործում «Սանտե Արմենի»-ի մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը և քաղաքի առաջին սոցիալական տաքսի ծառայությունը։ 

Մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը, որը բացվել է 2021 թ․ նոյեմբերին, Հայաստանի հարավում գործող առաջին մասնագիտացված հաստատությունն է, որն ապահովում է անվճար, բազմամասնագիտական բուժօգնություն այն անձանց համար, որոնք նախկինում Սյունիքում նման ծառայությունների հասանելիություն չունեին։ Այստեղ աշխատում են կինեզիոթերապևտներ, լոգոպեդ, հոգեբան, որոնց աշխատանքը համակարգում են եվրոպացի կամավոր փորձագետները։ Կենտրոնի բացումից ի վեր՝ ավելի քան 460 բուժառու բուժում է ստացել՝ անհրաժեշտություն չունենալով մասնագիտացված խնամք ստանալու համար Երևան հասնելու։

Կենտրոնը նաև իր ծառայությունները մատուցում է Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բնակիչներին առաջին հարմարեցված սոցիալական տաքսի ծառայության միջոցով։ Վերջինս ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։ Սոցիալական տաքսին տեղափոխում է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական խորհրդատվությունների և վերականգնողական միջամտությունների՝ բարելավելով նրանց շարժունակությունը և կյանքի որակը։

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում էլ եվրոպական երկրների՝ շրջայցին մասնակցող դեսպանները ներկա են գտնվել կառուցված նոր ոռոգման համակարգի բացմանը։ Ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։

Ոռոգման այս համակարգը կառուցվել է «R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում։ Այն ոռոգման ջուր է ապահովում Հալիձոր համայնքի բոլոր գյուղատնտեսական հողատարածքներին՝ ընդհանուր շուրջ 55 հեկտար մակերեսով, ինչպես նաև ընդգրկելով 700 տնային տնտեսություն և 3,378 բնակիչ, ներառյալ փախստականներ և այլ խոցելի խմբեր։ Համակարգի հզորությունը բավարար կլինի Շինուհայրի բոլոր հողատարածքները ջրով ապահովելու համար՝ ներքին բաշխիչ ցանցի և միացման աշխատանքների ավարտից հետո։

Կապանի Գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում դեսպաններն ու նրանց ուղեկցող անձինք ծանոթացել են  փայտամշակման, ասեղնագործության և գորգագործության աշխատարաններին և զրուցել սովորողների, ուսուցիչների հետ։  Նպատակ ունենալով նոր հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով խթանել տնտեսական ակտիվությունը՝ ծրագիրը կյանքի է կոչվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության շրջանակում։

Շրջայցն ամփոփվեց Կապանում սոցիալական ձեռնարկության՝ տպագրատան բացմամբ։  

Տպագրատունը հիմնվել է նախկին դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման «Ես փոխվում եմ» ծրագրի հիմքի վրա՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։ Տպագրատունը ստեղծվել է ազատազրկումից դուրս եկած կամ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց համար կայուն զբաղվածության հնարավորություններ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև տրամադրում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական աջակցություն և վերամասնագիտացման հնարավորություններ՝  շուրջ 40 անձանց աջակցելով հասարակությանը վերաինտեգրվելու գործում։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել ՀՀ Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ