«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվել է 28 ծրագիր, ընթացքում է 40-ը
9 րոպեի ընթերցում

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում արդեն իրականացվել է 28 ծրագիր, ընթացքում է 40-ը, առաջիկայում նախատեսվում է սկսել ևս 10 ծրագիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից՝ ծրագրերին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզում տեղի ունեցած լրագրողական շրջայցի ընթացքում։
Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում նախաձեռնության կողմից իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց են կատարել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանը, ծրագրերին աջակցող եվրոպական պետությունների դեսպաններ, ծրագրերի ղեկավարներ։
Առաջին կանգառը Սիսիան համայնքի «Բալաք գյուղի սերմարտադրողների և արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվն էր, որը ստեղծվել է Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «ECOserve» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկված է նաև Շվեյցարիայի «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի շահառուների շարքում՝ որպես ընտրված 5 կոոպերատիվներից մեկը։
Ինչպես ներկայացրին կոոպերատիվի անդամները՝ ցուցադրական գյուղում իրականացվում են բնական խոտհարքերը բարելավելու և չօգտագործվող վարելահողերի վերաօգտագործմանն ուղղված աշխատանքներ։ Նախաձեռնության հիմնական նպատակը արոտավայրերի կայուն կառավարման ապահովումն է և լրացուցիչ կերի արտադրությունը՝ կոոպերատիվի անդամների և գյուղացիների համար, որը նպաստում է արոտավայրերի չափից շատ օգտագործման նվազեցմանը։
Ծրագրի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել Գերմանիան, Շվեյցարիան, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):
Այնուհետև շրջայցի մասնակիցները ծանոթացան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Շվեյցարիայի,Ավստրիայի, Գերմանիայի աջակցությամբ իրականացվող ծրագրին։
Ուսումնական այս հաստատությունը գյուղատնտեսության ոլորտում երկակի ուսուցում (դուալ մոդել) իրականացնող 6 թիրախային քոլեջներից մեկն է՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Քոլեջի ուսանողները և շրջանավարտները գործնական ուսուցումն անցնում են գործընկեր ֆերմաներում և ընկերություններում, օրինակ՝ «Սիս-Ալպ» կաթի վերամշակման գործարանում։ Քոլեջը բարելավել է իր ուսուցման և ուսումնառության պայմանները՝ շնորհիվ կանոնավոր վերապատրաստումների, նոր ուսումնական ծրագրերի, ինչպես նաև արդիականացված սարքավորումների։
Այն մեկն է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 2 հաստատություններից, որոնք կվերակառուցվեն/ կվերանորոգվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրելիք «Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակում։
Այնուհետև՝ Գորիսում տեղի ունեցավ ավագ սերնդի կենտրոնի բացումը, որը «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից իրականություն է դարձել ԵՄ-ի և Գերմանիայի աջակցությամբ։
Կենտրոնի առաքելությունն է բարելավել Գորիս համայնքի տարեց բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կյանքի որակը՝ ապահովելով արժանապատիվ ծերացում և նպաստելով նրանց սոցիալական ներառումը։ Կենտրոնը հիմնվել է Եվրոպական միության կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցով, որի շրջանակում շենքի 500 քմ տարածքը վերանորոգվել է, կահավորվել են խոհանոցը, 2 արհեստանոցը և պահեստը։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը աջակցել է մասնակի նորոգմանն ու սանհանգույցի հարմարեցմանը։
Գորիսի Հայ-ֆրանսիական սրտանոթային կենտրոնում են գործում «Սանտե Արմենի»-ի մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը և քաղաքի առաջին սոցիալական տաքսի ծառայությունը։
Մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը, որը բացվել է 2021 թ․ նոյեմբերին, Հայաստանի հարավում գործող առաջին մասնագիտացված հաստատությունն է, որն ապահովում է անվճար, բազմամասնագիտական բուժօգնություն այն անձանց համար, որոնք նախկինում Սյունիքում նման ծառայությունների հասանելիություն չունեին։ Այստեղ աշխատում են կինեզիոթերապևտներ, լոգոպեդ, հոգեբան, որոնց աշխատանքը համակարգում են եվրոպացի կամավոր փորձագետները։ Կենտրոնի բացումից ի վեր՝ ավելի քան 460 բուժառու բուժում է ստացել՝ անհրաժեշտություն չունենալով մասնագիտացված խնամք ստանալու համար Երևան հասնելու։
Կենտրոնը նաև իր ծառայությունները մատուցում է Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բնակիչներին առաջին հարմարեցված սոցիալական տաքսի ծառայության միջոցով։ Վերջինս ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։ Սոցիալական տաքսին տեղափոխում է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական խորհրդատվությունների և վերականգնողական միջամտությունների՝ բարելավելով նրանց շարժունակությունը և կյանքի որակը։
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում էլ եվրոպական երկրների՝ շրջայցին մասնակցող դեսպանները ներկա են գտնվել կառուցված նոր ոռոգման համակարգի բացմանը։ Ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։
Ոռոգման այս համակարգը կառուցվել է «R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում։ Այն ոռոգման ջուր է ապահովում Հալիձոր համայնքի բոլոր գյուղատնտեսական հողատարածքներին՝ ընդհանուր շուրջ 55 հեկտար մակերեսով, ինչպես նաև ընդգրկելով 700 տնային տնտեսություն և 3,378 բնակիչ, ներառյալ փախստականներ և այլ խոցելի խմբեր։ Համակարգի հզորությունը բավարար կլինի Շինուհայրի բոլոր հողատարածքները ջրով ապահովելու համար՝ ներքին բաշխիչ ցանցի և միացման աշխատանքների ավարտից հետո։
Կապանի Գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում դեսպաններն ու նրանց ուղեկցող անձինք ծանոթացել են փայտամշակման, ասեղնագործության և գորգագործության աշխատարաններին և զրուցել սովորողների, ուսուցիչների հետ։ Նպատակ ունենալով նոր հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով խթանել տնտեսական ակտիվությունը՝ ծրագիրը կյանքի է կոչվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության շրջանակում։
Շրջայցն ամփոփվեց Կապանում սոցիալական ձեռնարկության՝ տպագրատան բացմամբ։
Տպագրատունը հիմնվել է նախկին դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման «Ես փոխվում եմ» ծրագրի հիմքի վրա՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։ Տպագրատունը ստեղծվել է ազատազրկումից դուրս եկած կամ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց համար կայուն զբաղվածության հնարավորություններ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև տրամադրում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական աջակցություն և վերամասնագիտացման հնարավորություններ՝ շուրջ 40 անձանց աջակցելով հասարակությանը վերաինտեգրվելու գործում։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել ՀՀ Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։
