Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է մարզում իրականացվող շինաշխատանքների կատարման ընթացքը
2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ պարբերաբար ուսումնասիրվում են մարզում այլ գերատեսչությունների կողմից և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող 247 օբյեկտում իրականացվող շինարարական աշխատանքների կատարման ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանից, ուսումնասիրությունների արդյունքում 40 օբյեկտում արձանագրվել են թերություններ, որոնց գերակշիռ մասը կապալառու կազմակերպությունների կողմից շտկվել է, իսկ մնացածը գտնվում է շտկման փուլում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ՝ մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են երաշխիքային ժամկետներում գտնվող սուբվենցիոն ծրագրերը:
Արձանագրվել է 39 թերություն, որից շտկվել է 20-ը, իսկ մնացած 19 շինարարական օբյեկտներում, որոնք գտնվում են Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում, դեռևս շտկված չեն:
Հարցը քննարկվել է օրերս կայացած Գեղարքունիքի մարզի խորհդրի նիստում, որտեղ առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ երաշխքային ժամկետներում գտնվող ծրագրերում արձանագրված շինարարական թերությունների շտկման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։