Սևան քաղաքի Շիրազի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շիրազի փողոցում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Շիրազի փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի օգոստոսից։ Մինչև հոկտեմբերի կեսերը իրականացվել են հողային աշխատանքներ, որին հաջորդել են ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի կառուցումը, դիտահորերի կափարիչների և եզրաքարերի վերատեղադրումը, տեղային լուծումներով ջրահեռացման համակարգի կառուցումը և այլ շինաշխատանքներ: Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9995 քմ տարածք:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 180 միլիոն 193 հազար 680 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ճան-Շին» ՍՊԸ-ն: