Թրամփը խոստացել է պահպանել հսկայական մաքսատուրքերը ռուսական նավթից Հնդկաստանի չհրաժարվելու պարագայում
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի իշխանությունները կշարունակեն բարձրացված մաքսատուրքեր վճարել Միացյալ Նահանգներին, եթե չհրաժարվեն ռուսական նավթի գնումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Վերջինս վերստին հայտնել է, թե Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է իրեն, որ հնդկական կողմը դադարեցնելու է ռուսական նավթի գնումը։ «Ես խոսել եմ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ, և նա ասաց, որ չի շարունակելու գնել ռուսական նավթը»,- Reuters-ի փոխանցմամբ, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Դիտարկմանը, որ Հնդկաստանից ասում են՝ տեղյակ չեն Թրամփ-Մոդի նման խոսակցության մասին՝ ԱՄՆ ղեկավարն ասել է․ «Եթե նրանք ցանկանում են ասել դա, ապա կշարունակեն հսկայական մաքսատուրքեր վճարել, իսկ նրանց համար դա ցանկալի չէ»։
Թրամփը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Մոդին այդ օրն իրեն վստահեցրել է, որ Հնդկաստանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները: Դրան հաջորդել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում նշվում էր, թե իրենք տեղյակ չեն առաջնորդների միջև տեղի ունեցած որևէ հեռախոսազրույցից։ Հնդկաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ իրենց հիմնական մտահոգությունը «հնդիկ սպառողի շահերի պաշտպանությունն» է: