Գեղարքունիքում շարունակվում են նախորդ տարիներից 2025 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2022-2024 թվականներից 2025 թվական է տեղափոխվել 94 սուբվենցիոն ենթածրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6,7 միլիարդ դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերը նշված 94 ենթածրագրից շինաշխատանքներն ավարտված են 34 -ում: 35 ենթածրագրում կատարվել է 90-95 տոկոս և ավելի աշխատանքներ։ Մինչև 70 տոկոս աշխատանքներ իրականացված են 2 ենթածրագրում։ Շինաշխատանքներն ավարտված են 3 ենթածրագրում, բայց կառուցվել են նախագծային շեղումներով: 20 ենթածրագրով իրականացվել է գույքի ձեռքբերում, որն ամբողջությամբ ավարտվել է:
Նշված 94 սուբվենցիոն ենթածրագրից 50-ի համար ՀՀ կառավարության տարբեր որոշումներով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ, որից 1,6 միլիարդ դրամը փոխանցվել է կապալառու կազմակերպություններին, իսկ 500 միլիոն դրամի փոխանցման գործընթացն ընթանում է։
2025 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 23 ծրագիր (118 ենթածրագիր), որոնց արժեքն, ըստ կնքված պայմանագրերի, կազմում է 10 միլիարդ 127 միլիոն 989 հազար դրամ, որից 6 միլիարդ 163 միլիոն 994 հազար դրամը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, 3 միլիարդ 963 միլիոն դրամը՝ համայնքային։
9 ծրագիր գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման փուլում: