Հայաստանն անցել է զարգացման բավականին երկար ճանապարհ և նրան, որպես վստահելի գործընկեր, կայուն կերպով ուղեկցել է ՄԱԶԾ-ն. Նաթիա Նացվլիշվիլի
10 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը Վայոց ձորի Արենի համայնքում նշեց իր նախաձեռնություններից մեկի արդյունքներն ու այդ միջոցառմամբ մեկնարկեց ՀՀ-ում ՄԱԶԾ-ի գործունեության 30-ամյակի տոնակատարությունների շարքը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) տարածաշրջանային ծրագիրն ուղղված է ներառական տեղական աճի խթանմանը, որը հնարավորություն է տալիս Արենիի նման համայնքներին համատեղ ստեղծել լուծումներ՝ տեղական տնտեսական զարգացման, քաղաքային նորարարության և համայնքային դիմակայունության ուղղությամբ։
Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ելույթում նշեց, որ Արենիում կայացած միջոցառումը ցույց տվեց, թե ինչպես է ՀՀՏԶ-ի շրջանակում իրականացվող համայնքային համագործակցությունը փոխակերպում տեղական տնտեսությունները և ամրապնդում տարածաշրջանային զարգացումը։

«ՄԱԶԾ-ն բավականին ընդարձակ համագործակցության նախաձեռնություններ ունի ՀՀ ամբողջ տարածքում և հատկապես Վայոց ձորում։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք փորձել ենք նպաստել Հայաստանի զարգացանը, և հատկապես Արենիում իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք միտված են տեղական զարգացմանը, բիզնեսի աճին, կանանց և երիտասարդների դերակատարման հզորացմանը։ Այսօր ՀՀ-ում ՄԱԶԾ-ի գործունեության 30-ամյակի շրջանակում տոնում ենք այն ձեռքբերումները, որոնք միասին ապահովել ենք մասնավորապես Արենի համայնքում»,-ասաց Նացվլիշվիլին։
Նրա խոսքով՝ Հայաստանը բավականին երկար ճանապարհ է անցել և նրան, որպես վստահելի ու կայուն գործընկեր, ուղեկցել է ՄԱԶԾ-ն։
«Միասին հաղթահարել ենք մարտահրավերներ, կիսել հաջողությունները։ Վայոց ձորն ու մասնավորապես Արենին նախորդ մի քանի տարիների ընթացքում անցել են մեծ փոխակերպումների ուղով։ Տեսանելի է, թե ինչպես է աճել համայնքը, որտեղ զարգացել է փոքր բիզնեսը, զբոսաշրջությունը, գինու արտադրությունը։ Տարածաշրջանն ունի զարգացման հսկայական ներուժ, և ՄԱԶԾ-ն Վայոց ձորին աջակցել է այդ ներուժի օգտագործման ճանապարհին։ ՄԱԶԾ-ն Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելով մեծածավալ աշխատանքներ՝ փորձում է անդրադառնալ մարզերում ամենասուր խնդիրների լուծմանը։ Մեր ծրագրերի արդյունքում կարողացել ենք Հայաստանում բարելավել ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք, հատկապես նրանց, ոքվեր մեր կարիքը զգացել են առավելագույն չափով»,- մանրամասնեց Նացվլիշվիլին։
Նրա կարծիքով՝ պատահական չէ, որ ՄԱԶԾ-ն որոշել է իր 30-ամյակի տոնակատարությունների գործընթացը սկսել Արենի համայնքից՝ արձանագրելով բոլոր հաջողությունները տեղի բնակիչների հետ։ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը յուրահատուկ է այն առումով, որ նրա շրջանակում համագործակցելով ՏԻՄ ղեկավարների հետ՝ ծրագիրն ապահովել է կայուն զարգացում, ստեղծել է աշխատատեղեր, նպաստել շրջակա միջավայրի համար անվտանգ նախաձեռնությունների իրականացմանը։
2021 թվականին նաև ԵՄ-ի աջակցությամբ մեկնարկած այս նախաձեռնությունը օրինակելի է դարձել Կապանի և Գյումրիի համայնքների համար՝ ստեղծելով վերարտադրելի աշխատանքային փորձ։ Մինչ այս պահը 11 տեղական նախաձեռնություն է իրականացվել Արենիում՝ 250 հազար դոլարի դրամաշնորհի միջոցով։ Արենին այսօր օրինակ է ծառայում և աջակցություն ցուցաբերում՝ գործընթացն ավելի արագ իրականացնելու ուղղությամբ։ Կա ուսումնառության նոր կենտրոն, որի միջոցով համայնքների ղեկավարները վերոհիշյալ ծրագրի շրջանակում հնարավորություն ունեն ծանոթանալու հմուտ փորձին և ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ տնտեսական զարգացումը խթանելու նպատակով։
«Արենի համայնքի փորձը զարգացման ծրագրերի փնջային օգտագործումն է, որը որոշումների կայացման և աշխատանքների իրականացման առումով շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև կանանց ու երիտասարդների ներգրավումը՝ որպես չափազանց ակտուալ ուղղություն։ Մենք արդեն ընդլայնում ենք փորձը՝ այն կիրառելով մյուս մարզերում։ Պատահական չէ, որ այսօրվա միջոցառմանը հյուրընկալվել են գործընկերներ Նոյեմբերյանից, Գորիսից, Ապարանից, ովքեր փորձելու են այս նախաձեռնությունները կրկնել ու վերարտադրել իրենց մոտ»,-ասաց Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը։
Վայոց ձորի փոխմարզպետ Արսեն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ գործընկեր կազմակերպությունները նման նախաձեռնություններով և առաջարկություններով հանդես են գալիս մի շարք համայնքներում և այդ համատեքստում Արենին այն բացառիկ համայնքներից է, որն ակտիվորեն ներգրարվվում է ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքներում։

«ՄԱԶԾ-ի աջակցությունը կարևոր դեր է խաղացել Վայոց ձորի ողջ տարածքում տեղական զարգացման ու առաջխաղացման գործում։ Այս միջոցառումը ոչ միայն ձեռքբերումների մասին է, այլ նաև մեր ընդհանուր հանձնառության վերահաստատման մասին է՝ հանուն մեր համայնքների բարօրության»,-ասաց Վայոց ձորի փոխմարզպետ Արսեն Խաչատրյանը։
Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն իր հերթին ասաց, որ իրենք բարձր են գնահատում գործընկերությունը ՄԱԶԾ-ի հետ, որը բերում է իրական սոցիալ-տնտեսական բարելավումներ Արենիում՝ մասնավորապես տուրիզմի և հյուրընկալության ոլորտում։ Սահակյանը վստահեցրեց, որ առաջ նայելով՝ իրենք ոգեշնչված են շարունակել համագործակցությունը՝ ի շահ բնակիչների և ողջ տարածաշրջանի, ինչպես նաև հանուն ներհամայնքային գործընթացների բարելավման։

«Արենին վերջին տարիներին դարձել է նորարարական մոտեցումների, արդյունավետ համագործակցության և կայուն զարգացման կենտրոն։ ՄԱԶԾն այն կառույցն է, որի հետ անցած ճանապարհը կարելի է բնութագրել մեկ բառով՝ փոխակերպում։ Արենի համայնքի փոխակերպումն իրապես հնարավոր դարձավ ամուր գործընկերության և հետևողական աշխատանքի շնորհիվ։ ՄԱԶԾ-ի աջակցությամբ մենք փորձարկեցինք և կյանքի կոչեցինք մի շարք մոդելներ, որոնք այսօր ազգային մակարդակով օրինակելի փորձ են։ Միասին կարողացանք ձևավորել նոր մտածողություն, ըստ որի՝ համայնքի զարգացումը հիմնված է մասնակցության, նորարարության և երկարաժամկետ տեսլականի վրա»,- ասաց Սահակյանը։
Համայնքապետը հավելեց, որ համագործակցության արդյունքում Արենիում ձևավորվել է պորտֆելային մոտեցման մշակույթը, համայնքի ներկայացուցիչները սովորեցին ռազմավարական պլանավորումն իրականացնել համատեղ ուժերով՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին (մասնավոր սեկտոր և պետական կառույցներ)։ Տվյալ մոտեցումն, ըստ Սահակյանի, հնարավորություն տվեց սովորել և զարգանալ, ինչպես նաև արձագանքել մարտահրավերներին ճկուն և նորարար ձևով։
«Արենին վերածվել է կայուն զբոսաշրջության կենտրոնի։ Մեր պորտֆելային ծրագրի շրջանակում մշակվել են տեղական ավանդույթների ու խոհանոցի վրա հիմնված նոր առաջարկներ։ «Տադի շորվա» փառատոնը դարձավ մեր ինքնության կարևոր մասը, որին ամեն տարի մասնակցում են հազարավոր այցելուներ։ Այն խթանեց տնտեսական նոր կապերի ստեղծումը և այսօր իրականացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Մեր համայնքի զարգացման տեսլականը հնարավոր դարձավ նաև կրթական, սոցիալական և գենդերային նախաձեռնությունների շնորհիվ, և Արենին դարձավ առաջամարտիկներից մեկն այդ առանցքային ուղղություններով»,-նշեց Սահակյանը։
Համայնքապետի համոզմամբ՝ զարգացման երկար ճանապարհին արձանագրված արդյունքների ամբողջությունն իրական հաջողությունների պատմություն է, ինչը վկայում է այն մասին, որ Արենին պահպանել է ոչ միայն իր պատմական և մշակութային ինքնությունը, այլև կարողացել է համատեղել կայուն զարգացումը ժամանակակից միտումների հետ՝ դառալով համայնքային վերափոխման և նորարարության տիպիկ օրինակ։
«Ապագայի մեր տեսլականը պարզ է՝ կայուն զարգացող, ինքնաբավ Արենի, որտեղ յուրաքանչյուր նախաձեռնություն բխում է համայնքի կարիքներից, իսկ յուրաքանչյուր հաջողություն բոլորինն է»,-ասաց խոշորացված համայնքի ղեկավարը։
Սահակյանը վստահություն հայտնեց, որ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական։ Հայաստանում նշված կառույցի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և այլ անձինք արգասաբեր գործունեության, ներդրումների և ակտիվ աշխատանքներ ծավալելու համար համայնքապետ Հուսիկ Սահակյանի կողմից պարգևատրվեցին Արենիի համայնքապետարանի պատվոգրով։
Այնուհետև ներկաներին ցուցադրվեց համառոտ ֆիլմ՝ նվիրված համայնքի ղակավարության մասնակցությանը «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրին։ Ներկայացվեց նաև մի տեսանյութ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից վերջին 30 տարիների ընթացքում իրականացված նախաձեռնությունների մասին։
Տեղի ունեցավ ավանդական հյուրասիրություն՝ փառատոնի շրջանակում մասնակիցների կողմից պատրաստված ազգային ուտեստներով, ինչպես նաև անցկացվեցին ավանդական խաղեր։ Վերջում դասական կատարումներում հանդիսատեսին ներկայացավ Վանաձորի սիմֆոնիկ նվագախումբը։