Քաղաքականություն

ՀՀ նախագահը «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման համար գիտական հիմնավորումների և հաշվարկների անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման համար գիտական հիմնավորումների և հաշվարկների անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հոկտեմբերի 17-ին կազմակերպեց «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը» թեմայով կլոր սեղան-քննարկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ 

Քննարկման օրակարգում ընդգրկված էին Հայաստանի լոգիստիկ համակարգի ներկայիս հիմնախնդիրները, զարգացման հնարավորությունները և տրանսպորտային լոգիստիկայի կատարելագործման ուղիները։ 

Բացման խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ քննարկումը տեղի է ունենում Հայաստանի համար ռազմավարական կարևորության շրջանում։ 

«Այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն է Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այդ գաղափարը մենք ներկայացրել ենք երկու տարի առաջ, և սկզբում այն ընդունվեց բավականին թերահավատորեն։ Սակայն այս ընթացքում Կառավարությունը, Արտաքին գործերի նախարարությունը և մեր պաշտոնյաները հետևողականորեն այն ներկայացրել են տարբեր միջազգային հարթակներում։ Օգոստոսի 8-ից հետո արդեն գործ ունենք նոր իրողության հետ․ գաղափարը վերածվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված հուշագրի»,- ասաց նա։ 

Նախագահը նշեց, որ նախաձեռնության իրականացումը պահանջում է ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում, գիտական վերլուծություններ և ճշգրիտ հաշվարկներ։ 

«Այս գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ստեղծել կառույցներ, որոնք կգնահատեն մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։  Որպեսզի Հայաստանը դառնա խաղաղության, տնտեսական և տրանսպորտային խաչմերուկ, պետք է գիտականորեն հիմնավորված փաստաթղթեր ու հաշվարկներ ունենանք։ Քաղաքական որոշումները կարող են կայացվել միայն այն դեպքում, երբ դրանց հիմքում կա մասնագիտական և գիտական փաստարկվածություն»,- նշեց նախագահը։

Խաչատուրյանը նաև հորդորեց գիտական շրջանակներին և փորձագետներին առավել կոնկրետ լինել իրենց առաջարկներում։

«Կցանկանայի, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և մյուս կառույցները կոնկրետ արդյունքներ ներկայացնեն՝ թվային տվյալներով, մոդելներով և կանխատեսումներով։ Դա կօգնի կառավարությանը և միջազգային գործընկերների հետ բանակցող պաշտոնյաներին ավելի հստակ դիրքորոշումներ ներկայացնել»,- ասաց նախագահը։

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը իր խոսքում ընդգծեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը բախվել է տարածաշրջանային մեկուսացման մարտահրավերներին, որոնք սահմանափակել են երկրի տնտեսական ներուժը։

«Մեր տնտեսական հնարավորությունների սահմանափակման հիմնական գործոններից մեկը եղել է տրանսպորտային մեկուսացումը։ Մենք շնորհակալ ենք Անվտանգության խորհրդի քարտուղարությանը, որ պատվիրակեց նմանատիպ հետազոտություն «Ամբերդ» կենտրոնին։ Այսօր կներկայացնենք դրա նախնական արդյունքները՝ նպատակ ունենալով ձևավորել լոգիստիկ համակարգի բարելավման կոնկրետ ուղիներ»,- ասաց նա։

Քննարկման ընթացքում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետները ներկայացրեցին երեք զեկույց՝ նվիրված Հայաստանի լոգիստիկ համակարգի վիճակի գնահատմանը, տնտեսամաթեմատիկական վերլուծությանը և զարգացման ուղիների հիմնավորմանը։

Ելույթներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և մտքերի փոխանակում, իսկ միջոցառումը եզրափակվեց ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ամփոփիչ խոսքով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում