Քաղաքականություն

Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ վարչապետ

Հայաստանի վարչապետը վերահաստատում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը:

«Կոպենհագենի հանդիպումից հետո (հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը) երկու կողմերի հաղորդագրությունն ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը և TRIPP նախագիծը՝ ՀՀ տարածքով: Այսինքն՝ երկու կողմերն այդպիսով արձանագրել են, որ ՀՀ տարածքում կա TRIPP նախագիծ։ Կոպենհագենի հայտարարությունից հետո այլևս այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դա այլևս արդիական չէ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ անկախ հայտարարություններից՝ պետք է որպես հիմք ընդունել այն, ինչ ամրագրված է գրավոր: 

«Գոհ եմ Կոպենհագենի քննարկումներից, խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից: Անառարկելի փաստ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Դա իրողություն և այդ իրողությունը նույնիսկ դժվար է չնկատել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հրապարակային ելույթներում Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում կիրառել է «Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին ևս անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթի կիրառմանը՝ հայտարարելով, որ «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման  Փաշինյանը շեշտել էր, որ այդ եզրույթը Հայաստանի Հանրապետության մասին չէ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում