Հայաստան

Երևանում խցանումների խնդրի լուծման համար կստեղծվի ճգնաժամային խումբ

2 րոպեի ընթերցում

Երևանում խցանումների խնդրի լուծման համար կստեղծվի ճգնաժամային խումբ

Երևանի խցանումների խնդիրը հասել է ճգնաժամային մակարդակի, և այդ ուղղությամբ ձևավորվելու է հատուկ խումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պրոբլեմ ունենք՝ մեքենաների թվի հետ կապված։ Երեկ անձամբ ականատես եղա, թե ինչ իրավիճակ է ստեղծվում քաղաքի կենտրոնում ժամը 18:20-ի սահմաններում։ Նույնիսկ հեծանիվով հնարավոր չէր անցնել խցանումների պատճառով։ Եթե մեքենաները շարունակ բերվում են, պետք է հստակ պատկերացնենք՝ որտե՞ղ են դրանք տեղավորվելու»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն հանձնարարել է Ներքին գործերի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին ճգնաժամային խումբ ստեղծել՝ խնդիրը համակարգված վերլուծելու և լուծումներ մշակելու համար։

Վարչապետը նշեց, որ իրավիճակը միայն երթևեկության ծանրաբեռնվածության հարց չէ, այլ նաև հոգեբանական և սոցիալական ազդեցություն ունի։ «Այդ խցանումները մարդու նյարդային վիճակի վրա են ազդում։ Մարդը նյարդայնացած վերադառնում է տուն, մտնում սոցիալական ցանցեր, և այդ բացասական էներգիան փոխանցվում է։ Սա բառիս բուն իմաստով ճգնաժամ է։ Չի կարելի թույլ տալ, որ նման իրավիճակ ձևավորվի, որովհետև դա արդեն քաոս է, ոչ թե պարզապես խցանում»,-ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև հեծանիվների և էլեկտրական հեծանիվների օգտագործման թեմային՝ որպես այլընտրանքային տրանսպորտի ձևերի զարգացման ուղի։ «Կան էլեկտրական հեծանիվներ, որոնք թույլ են տալիս առանց մեծ ջանքի բարձրանալ։ Ավելի լավ է մի փոքր քրտնել, քան երկար կանգնել խցանման մեջ և նյարդայնանալ»,-ընդգծեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում