Երևանում տեղի ունեցավ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում հայ-իտալական համագործակցությանը նվիրված աշխատաժողով
4 րոպեի ընթերցում
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հնագիտական տուրիզմը Հայաստանի զարգացման համար. Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործակցությունը Դվինում և Արուճում» թեմայով աշխատաժողովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Ֆլորենցիայի համալսարանի համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովը նվիրված է հնագիտության և մշակութային ժառանգության պահպանության ոլորտում հայ-իտալական երկարատև համագործակցությանը:
Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Իտալիայի մշակույթի նախարարի հայաստանյան այցի շրջանակում հնագիտության ոլորտում համագործակցությունը քննարկման կարևոր թեմաներից է եղել։
Խոսելով Գառնու տաճարի խճանկարների վերականգման, ինչպես նաև Դվինի և Արուճի հնավայրերում հայ-իտալական գործակցության կարևորությունից՝ նախարարը նախ ընդգծեց Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու խորացող համագործակցությունը, ինչը հնարավոր է դարձրել նման նախաձեռնությունների իրականացումը։
«Ծրագրի արդյունքում ունենալու ենք Գառնիիի հրաշալի խճանկարների վերականգնումը, կոնկրետ արդյունքներ՝ Դվինում և Արուճում, ինչն ինքնին կարևոր և նշանակալի է։ Սա նաև մասնագիտական կարողությունների զարգացման, այդ իմաստով նաև կրթական ծրագիր է, երբ Հայաստանի ու Իտալիայի մասնագետները փոխադարձ գործակցության միջոցով նպաստում են նաև ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը։ Ծրագրում ներգրաված գործընկեր կազմակերպությունների փորձառությունը, փորձագիտական մակարդակը մեզ տալիս են վստահություն, որ դա իսկապես հաջողված համագործակցություն է լինելու»,- ասաց նախարարը։
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին յուրահատուկ համարեց Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները, որոնց ժողովուրդները կապված են հազարամյակների ժառանգությամբ։
«Մշակույթը մշտապես մեզ մեծ առավելություն է տալիս։ Անձամբ այցելել եմ բոլոր այդ հնագիտական վայրերը և շատ հիացած եմ։ Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող իմ համերկրացիների համար շատ հեշտ է աշխատել այստեղ, քանի որ այժմ ունենք հնարավորություն՝ Հայաստան բերելու մոդել, որը մեզ թույլ է տվել նախորդ տասնամյակների ընթացքում ստանձնել մշակութային պատմական այն ժառանգության վերականգնման, դրա մասին հոգ տանելու, խնամելու և շրջակա բնակավայրերին վերադարձնելու առաքելությունը»,-նշեց Իտալիայի դեսպանը՝
շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին համագործակցության և երկկողմ հարաբերությունների կառուցման գործում հիմնարար ներդրման համար։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց Գառնու տաճարի, Դվինի, Արուճի հնավայրերի տեղը հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։
«Այս առումով հայ-իտալական կապերը, ինչպես դարերի խորքից, այնպես էլ այսօր, այս հուշարձանների պահպանության և ներկայացման առումով նոր կոնտեքստ են ստանում մեզ համար։ Այսօրվա միջոցառումը՝ հնագիտական զբոսաշրջության, պեղումների, ուսումնասիրության, ինչպես նաև Գառնիի հայտնի տաճարի ռեստավրացիայի կոնտեքստում, շատ կարևոր է ինչպես մեր մշակութային ժառանգության, այնպես էլ Հայաստանի պատմության թանգարանի համար, որտեղ պահվում են շատ նշանակալի հավաքածուներ Դվինից, Արուճից, Գառնիից»,- ասաց նա։
Աշխատաժողովի ընթացքում բանախոսներն անդրադարձան Գառնիի խճանկարի վերականգնման աշխատանքներին, հնագիտական տուրիզմի զարգացման նախադրյալներին, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում կատարված հնագիտական հետազոտությունների արդյունքներին։