Երանոսում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի սկզբից ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Երանոսի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 496 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Երանոսի 1-ին, 2-րդ 9-րդ, Վարդաձորի խճուղի փողոցներում ու ջրատարի արտաքին ցանցի 300 մետրանոց հատվածում՝ 3100 գծամետր ընդհանուր երկարությամբ։
Շինաշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 75 տոկոսով։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Մինասյաններ Շին» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։