Հասարակական

Միջազգային կրթական էքսպո 2025. «London Eye»-ը Հայաստան է բերում աշխարհի առաջատար կրթական հաստատությունների ծրագրերը

5 րոպեի ընթերցում

Միջազգային կրթական էքսպո 2025. «London Eye»-ը Հայաստան է բերում աշխարհի առաջատար կրթական հաստատությունների ծրագրերը

«London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը Հայաստան է բերում աշխարհի 15 երկրների 25 լավագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը: Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:30-18:30-ը, «Կամար» բիզնես կենտրոնում «Միջազգային կրթական էքսպո 2025»-ը մեկ հարկի տակ կմեկտեղի որակյալ կրթություն առաջարկողներին ու արտերկրում սովորել ցանկացողներին: 

«Արդեն 12-րդ տարին անցկացվող էքսպոն այս անգամ աննախադեպ է իր ծավալներով: Հայաստան կայցելեն բարձրակարգ և մեծ հեղինակություն ունեցող կրթական հաստատություններ՝ և բուհեր, և դպրոցներ՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կանադայից, եվրոպական այլ երկրներից: Ներկայացված է լինելու Cardiff Sixth Form College-ը, որը բառիս բուն իմաստով աշխարհի լավագույն դպրոցներից մեկն է: World Education Fair 2025-ը հենց այն վայրն է, որտեղ կհանդիպեն արտերկրում կրթություն ստանալ ցանկացող տարբեր տարիքի մարդիկ որակյալ կրթություն առաջարկող առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանը: 

Ներկայացված կրթական հաստատություններն առաջարկելու են բազմապիսի ծրագրեր՝ ամառային և ձմեռային դպրոցներ, միջին և ավագ դպրոցների, բակալավրիական, մագիստրոսական ծրագրեր, կրթաթոշակներ, վերապատրաստման և կարճաժամկետ կուրսեր՝ ընդգրկելով 7-8 տարեկանից սկսած մինչև հատուկ 30+, 50+ տարեկանների համար մշակված ծրագրեր: 

«Ոլորտների սահմանափակում ևս չկա՝  ավիացիայից բժշկություն, բիզնես ու իրավաբանություն, համակարգչային գիտություններ և արհեստական բանականություն, խոհարարություն ու դիզայն: Օրինակ, Le Cordon Bleu-ն աշխարհի լավագույն խոհարարական դպրոցներից է, որը ևս այս տարի գալիս է Հայաստան։ Istituto Marangoni-ն, NABA-ն, Domus Academy-ն, որոնք աշխարհի լավագույն դիզայներական դպրոցներն ու բուհերն են, ևս առաջին անգամ այցելում են Հայաստան: Ներկայացված կլինի IE University-ն՝ Իսպանիայից. այն աշխարհի լավագույն համալսարաններից է։ Ունենք գործընկեր ԱՄՆ-ից՝ University Bridge-ը, որն առաջարկում է կրթություն նահանգների լավագույն 40 բուհերում։ Այսինքն՝ կրթական հաստատությունների ու ծրագրերի ցանկը բազմազան է։ Հայաստանում կլինի նաև Oxford Spires International-ի հիմնադիրը, որը կներկայացնի ամառային ծրագրեր անչափահասների համար Անգլիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում»,-մանրամասնեց «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրենը: 

Նա մեծապես կարևորում է հենց կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունը, փորձառությունը, քանի որ ուսանողները տեղում համապարփակ և ճշգրիտ ինֆորմացիա ստանում են հենց նրանցից։ Դրանք կլինեն ակադեմիական ծրագրերի, ավարտելուց հետո հնարավորությունների, ընդունելության կարգերի ու կրթաթոշակների, և որ ամենակարևորն է՝ կրթական ծրագրերի բովանդակության մասին: 

Հաստատություններից մեկը` Shorelight-ը, իրականացնում է ամերիկյան 110 համալսարանի ընդունելություն, որը նշանակում է, որ միայն այդ կառույցի ներկայացվածությունը 110 բուհի մասին տեղեկատվություն է փոխանցելու: 

«Մեր գործընկերները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 15-ից սկսած, կունենանք բազմաթիվ այցելություններ և արդյունավետ համագործակցության եզրեր կգտնենք մեր երկրի կրթական կառույցների հետ. հանդիպումների մեծ ցանկ ունենք Հայաստանում։ Մեր միջազգային գործընկերները շատ ուրախ են հայ ուսանողներ ունենալու փաստով, գովեստի խոսքերը բազմաթիվ են: Ունենք ֆանտաստիկ լավ շրջանավարտներ, որոնք մեծ հաջողությունների են հասել, արժեքներ են ստեղծում հենց Հայաստանում, տարբեր ընկերություններում։ Բազմաթիվ ուսանողներ իրենց եռանդը ներդնում են հայրենիքում»,-իրենց առաքելության կարևոր բաղադրիչը համարեց Քոչարյանը: 

«London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը գործում է արդեն 18 տարի: Զբաղվում է Հայաստանում անգլերեն լեզվի դասընթացներով, միջազգային կրթական ծրագրերի հանրայնացմամբ, կազմակերպել է առաջին բիզնես օլիմպիադան, իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում