Հայաստանի պետական պարտք. մանրամասներ կառուցվածքի, մարումների, տոկոսադրույքների և ռիսկերի մասին
10 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
Օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես առաջարկվում է, որ կառավարությունը միայն ԱԺ համաձայնությամբ կարողանա գերազանցել կառավարության պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցության ցուցանիշի 60 տոկոսի շեմը:
Ֆինանսների նախարարությունից «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ներկայում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է: Գերատեսչությունը նաև այլ մանրամասներ է ներկայացրել ՀՀ պետական և կառավարության պարտքերի վերաբերյալ:
Պարտքեր և պարտավորություններ
2025 թվականի առաջին կիսամյակի վերջի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն արտարժույթային արտահայտմամբ աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 852 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ներքին և արտաքին պարտքերի ցուցանիշները գրեթե հավասար են՝ համապատասխանաբար 6 մլրդ 921 մլն և 6 մլրդ 931 մլն դոլար:
Նույն ժամանակահատվածում կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 128 մլրդ դրամ (13 մլրդ 343 մլն ԱՄՆ դոլար)՝ 2024 թվականի տարեվերջի համեմատությամբ աճելով 4.8 տոկոսային կետով: Ընդ որում, կառավարության պարտքի բաղադրիչներից ներքին պարտքն ավելացել է 5, իսկ արտաքին պարտքը՝ 4.6 տոկոսով:
Կառավարության արտաքին պարտքի կառուցվածքում արտաքին վարկերի գծով պարտավորությունները 2025 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ կազմել են 4 մլրդ 549 մլն դոլար, որից միջազգային կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները՝ 79.7, այլ պետությունների՝ 20.1, իսկ առևտրային բանկերի նկատմամբ՝ 0.2 տոկոս:
Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ կառավարության ներքին պարտքը 2 տրիլիոն 660.1 մլրդ դրամ է, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով 2 տրլն 431 մլրդ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի մասով՝ 204.6 մլրդ, իսկ ներքին երաշխիքների մասով՝ 24.5 մլն դրամ:
ՀՀ պետական պարտքի սպասարկման ծախսերը՝ տոկոսադրույքներ, մարումներ
2024 թվականի տարեվերջի համեմատությամբ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին վարկերի և փոխառությունների, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսերի գծով միջին կշռված տոկոսադրույքները նվազել են: Մինչդեռ պետական արտարժութային պարտատոմսերի գծով աճ է գրանցվել՝ պայմանավորված 2025 թվականի 1-ին եռամսյակում արտարժութային պետական պարտատոմսերի նոր տեղաբաշխմամբ: Արդյունքում, 2024 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ կազմելով 7.2%:
Կառավարության պարտքի տոկոսավճարների վերաբերյալ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները ներկայացված են աղյուսակում։
ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության մասին
2024 թվականի տարեվերջին ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4,892.8 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 48 տոկոսը, ինչը համահունչ է 2024 թվականի պետական բյուջեով սահմանված ծրագրային մակարդակին և 0.2 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Կարևոր է ընդգծել, որ ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է հարկաբյուջետային կանոններով սահմանված 50% շեմային մակարդակից և գտնվում է 40% շեմային մակարդակը գերազանցելու ծախսային սահմանափակումների կամ կանոնների համակարգի ավելի մեղմ տիրույթում: Սա վկայում է պարտքի կայունության ապահովման և կառավարելիության մասին:
Վերջին տարիներին պետական պարտքի փոփոխության միտումների մասին
«Պետական պարտքի կառավարելիության և կայունության մասին պատկերացում կազմելու համար պետական պարտքի բացարձակ ցուցանիշը ոչինչ չի ասում: Ուստի, խոսելով պարտքի կայունության մասին, պետք է այն համադրենք մեր «հնարավորությունների» հետ: Այս համատեքստում Կառավարության պարտքի կշիռը ՀՆԱ-ում վերջին տարիներին նվազել է՝ 2024 թվականի վերջին կազմելով 48%: Ֆինանսների նախարարության և միջազգային գործընկերների գնահատմամբ՝ այն գտնվում է կայուն և կառավարելի մակարդակում»,- մանրամասնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Պարտքի սպասարկման ռիսկեր
Պարտքի սպասարկման ռիսկեր առկա չեն, ավելին՝ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ պարտքի՝ փոխարժեքի, տոկոսադրույքի և վերաֆինանսավորման ռիսկերի գծով բոլոր փաստացի ցուցանիշները գտնվել են սահմանված թիրախային միջակայքերում:
Ինչպե՞ս է պետական պարտքի ներկայիս մակարդակն անդրադառնում երկրի տնտեսական զարգացման, պետական բյուջեի ձևավորման, ներդրումների ներգրավման և մյուս տնտեսական ցուցանիշների վրա
ՀՀ կառավարության պարտքը ներկայում կայուն է, գտնվում է կառավարելի մակարդակում: 2024 թվականի վերջի դրությամբ կառավարության պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 48 տոկոս։
Պարտքի կայուն մակարդակը Կառավարությանը հնարավորություն է տալիս իրականացնել տնտեսական զարգացմանը նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ պարտքը պահպանվի այնպիսի մակարդակում, որը չի խաթարում երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այդ նպատակով գործարկված են նաև հարկաբյուջետային կանոնները, որոնք կախված են պարտք-ՀՆԱ հարաբերակցությունից և սահմանում են բյուջեի դեֆիցիտի/պետական ծախսերի «թույլատրելի» չափերը։ Այս մոտեցումն ապահովում է կանխատեսելիություն և պատասխանատվություն ինչպես պետական ֆինանսների կառավարման, այնպես էլ ներդրողների ու միջազգային գործընկերների հետ աշխատանքի տեսանկյունից։
Խելամիտ և հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման շնորհիվ Հայաստանը կարողանում է զուգահեռաբար իրականացնել կարևորագույն ներդրումներ՝ ուղղված մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացմանը։ Սա ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև մեծացնում է երկրի դիմակայունությունը ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ։
Պարտքի կայուն մակարդակն ու ֆիսկալ կարգապահությունը նպաստում են նաև երկրի ռիսկի հավելավճարի աստիճանական նվազմանը, ինչի շնորհիվ, թե՛ Կառավարությունը, թե՛ մասնավոր հատվածը միջազգային ֆինանսական շուկաներից կարողանում են ավելի մատչելի և արդյունավետ կերպով ներգրավել միջոցներ՝ ավելի մեծ վստահություն ապահովելով ներդրողների համար։
Այսպիսով, ինչպես նշում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, պարտքի ներկայիս մակարդակը պատասխանատու կառավարման պայմաններում դառնում է ոչ թե սահմանափակում, այլ հնարավորություն՝ ամրապնդելու տնտեսական աճը, կայունությունը և երկրի վստահելիությունը միջազգային գործընկերների աչքում։
Ո՞ր դեպքում կառավարությունը զերծ կմնա պետական պարտքն ավելացնելուց
Հարկաբյուջետային ոսկե կանոնի համաձայն՝ պարտքի ներգրավումը պետք է ուղղված լինի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: ՀՀ կառավարությունը հետևում է այս կանոնին, ավելին՝ այն ամրապնդված է հարկաբյուջետային կանոններով: Ուստի պարտքի ներգրավումը նպատակ ունի բարձրացնել տնտեսության ներուժը և ապագա հնարավորությունները:
Այսպիսով, Կառավարությունը զերծ կմնա պարտքի ներգրավումից, եթե այդ միջոցները չեն կարողանա ստեղծել բավարար հնարավորություններ պարտքի հետագա սպասարկման և կայունության ապահովման համար:
Պետական պարտքի վերաբերյալ մեր հարցմանը Կենտրոնական բանկից պատասխանեցին, որ թեմային կանդրադառնան ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի քննարկման ժամանակ:
«Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք նշել, որ երկրի պարտքի կայունության տեսանկյունից կարևոր են առկա հարկաբյուջետային կանոնները, որոնք ուղղված են պարտքի կայունության ապահովմանը՝ կառավարության փոխառությունների և ծախսերի որոշակի սահմանափակումների միջոցով: Շատ երկրներում այս կանոնները մշակված են այն տրամաբանությամբ, որը ենթադրում է դրանց ավելի խստացումը պետական պարտքի աճին զուգահեռ. որոշակի շեմերի գերազանցման դեպքում կիրառվում են ավելի խիստ սահմանափակումներ: Այսպես, օրինակ, Հայաստանում, երբ պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, կիրառվում են ավելի խիստ հարկաբյուջետային կանոններ, որոնք սահմանում են ավելի խիստ ծախսերի և պակասուրդի սահմանաչափեր՝ երկարաժամկետում հարկաբյուջետային կայունությունը ապահովելու համար:
Բացի այդ, Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի, համաձայն «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ներկայացնում է պետական բյուջեի մասին պաշտոնական եզրակացություն, որտեղ իր իրավասությունների շրջանակում անդրադառնում է նաև պարտքի կայունության հարցերին: «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն այժմ գտնվում է հաստատման փուլում և կներկայացվի ԱԺ-ում վերոնշյալ օրենքի հարցի քննարկման ժամանակ»,- նշված է Կենտրոնական բանկի պատասխանում: