Աշխարհ

Մադագասկարի նախագահը իր դեմ մահափորձերի պատճառով փախել է երկրից

2 րոպեի ընթերցում

Մադագասկարի նախագահը իր դեմ մահափորձերի պատճառով փախել է երկրից

Մադագասկարում մի քանի շաբաթ շարունակվող ցույցերից հետո նախագահ Անդրի Ռաձուելինան հայտարարել է, որ թաքնվում է «ապահով վայրում» իր դեմ մահափորձից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

51-ամյա նախագահը Facebook-ում ուղիղ եթերում հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ից իր դեմ մի քանի մահափորձ է իրականացվել և հեղաշրջման փորձ։ 

«Մի խումբ զինվորականներ և քաղաքական գործիչներ ծրագրել են սպանել ինձ։ Ես ստիպված էի ապահով տեղ գտնել, որպեսզի պաշտպանեմ կյանքս», - հայտարարել է նա։ 

Ռաձուելինան չի ասել, թե որտեղ է գտնվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նա երկրից փախել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռով։

Մադագասկարում արդեն երկու շաբաթ է՝ շարունակվում են իշխանությունների դեմ բողոքի ակցիաները, որոնց հիմնական մասնակիցները երիտասարդներն են։ Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը։

Շաբաթ և կիրակի օրերին բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը, որն օգնել էր Ռաձուելինային իշխանության գալ, հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել երկրի ամբողջ զինված ուժերի նկատմամբ, իսկ ստորաբաժանման մի քանի սպաներ միացել են Անտանանարիվուում անցկացվող ցույցերին։ 

Ըստ ՄԱԿ-ի՝ ցույցերի առաջին օրերին առնվազն 22 մարդ է զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել։ Կառավարությունը հերքել է այս տեղեկությունները։ 

2009 թվականին՝ 34 տարեկանում, Ռաձուելինան դարձել է աֆրիկյան ամենաերիտասարդ նախագահը՝ կառավարելով մինչև 2014 թվականը։ Այնուհետև նա կրկին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում