1 րոպեի ընթերցում
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: «Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 փաթեթ` լցված ընդհանուր 82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, նաև` մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:
Ըստ երիտասարդի` մարիխուանայով փաթեթները նա վերցրել է Ծաղկունք գյուղի տարածքում` տեղադրելու միջոցով դրանք իրացնելու նպատակով:
Ոստիկանների տեղեկության համաձայն` 19-ամյա երիտասարդը մինչ ձերբակալվելը ձեռք բերած փաթեթների մի մասն արդեն տեղադրել էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին արդեն տեղադրված ութ փաթեթները` ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: