Իսպանիայի ազգային օրը Երևանում նշվել է շքեղ համերգային ծրագրով

5 րոպեի ընթերցում

Իսպանիայի ազգային օրը, որն Իսպանիայի Թագավորության ամենակարևոր պետական տոներից է, Երևանում նշվել է համերգային ծրագրով, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Տոնը հիմնված է 1492 թվականի հոկտեմբերի 12-ին Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկա մայրցամաքի հայտնաբերման օրվա վրա: Այդ օրը երկու տարբեր աշխարհներ հանդիպեցին, ինչը հիմնովին փոխեց թե՛ եվրոպացիների, թե՛ ամերիկացիների կյանքն ու աշխարհընկալումը: Իսպանիայի ազգային օրը Իսպանիայի Թագավորությունում նշվում է մեծ զինվորական շքերթով, որին ներկա են լինում թագավորը, թագավորական ընտանիքը, երկրի վարչապետը, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոյին լեփ-լեցուն համերգասրահում հանդիսատեսը վայելել է իսպանական ֆլամենկո, որն ամենավառ ու խորհրդանշական կերպով է արտահայտում իսպանական մշակույթը: Համերգը կազմակերպվել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ: 

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Իսպանիայի Թագավորության դիվանագիտական գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Խիրոնը: «Ամեն տարի հոկտեմբերի 12-ին իսպանացիները նշում են մի օր, որը խորհրդանշում է մշակույթների փոխհանդիպումը և Իսպանիայի ներկայությունը համաշխարհային ասպարեզում։ Դա մի օր է, որը մեզ հիշեցնում է մեր պատմության մասին, օգնում է խորհել անցյալի դասերի շուրջ և ձևակերպել ապագայի կառուցման մեր տեսլականը։ Թույլ տվեք ընդգծել, թե որքան խորհրդանշական է գտնվել այստեղ այս երեկո։ Ամենահին պետություններից մեկը՝ Իսպանիայի Թագավորությունը, իր ազգային տոնն է նշում աշխարհում առաջին քրիստոնյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում, դիվանագիտության և բարեկամության միջոցով։ Սկսած առաջին օրերից՝ իսպանական դեսպանության նպատակն է եղել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում՝ միաժամանակ ձգտելով ավելի մոտեցնել մեր հասարակությունները։ Հարց տվեք ինքներդ ձեզ՝ գիտե՞ք արդյոք, թե որքան նման են Իսպանիան և Հայաստանը։ Երկուսն էլ հինավուրց պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկրներ են, որոնք կարողացել են պահպանել իրենց ավանդույթներն ու լեզուն, ինչպես նաև ընտանիքի նկատմամբ խորը հոգատարությունը և գաստրոնոմիական մշակույթը»,-շեշտել է։

Նա ընդգծել է՝ երկու երկրներին միավորում են նաև փոխադարձ ջերմությունն ու ըմբռնումը, ինչպես նաև համատեղ արժեքները։ «Սա մեր ամենաամուր կապիտալն է՝ հատկապես միջազգային մարտահրավերների պայմաններում։ Որպես Եվրամիության անդամ պետություն՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ արտահայտել և վերահաստատել մեր աջակցությունը հայ ժողովրդին՝ Եվրոպային մոտենալու իր ձգտումներում։ Դա կարող է դրսևորվել թե՛ ուղիղ ավիաթռիչքներով, թե՛ իսպանական համալսարաններում կրթություն ստանալով, թե՛ ընդհանուր արժեքներ կիսելով՝ ժողովրդավարություն, համերաշխություն և խաղաղություն»,-նշել է Ֆերնանդո Խիրոնը:

Անդրադառնալով ֆլամենկոյին՝ նա ասել է՝ այն պարզապես երաժշտություն կամ պար չէ, այլ Անդալուսիայի հոգու և մշակութային ինքնության խոր արտահայտություն, և ի վերջո՝ Իսպանիայի խորհրդանիշը, որը մարմնավորում է նաև ազատություն, տոկունություն և ավանդույթների նկատմամբ սեր։ 

Համերգին Ռեբեկա Օրտեգա Տրիոն ներկայացրել է «Լռության ապստամբությունը» բեմադրությունը։

Օրտեգան Իսպանիայի կառավարության կողմից երաշխավորված է ֆլամենկոյի արվեստը միջազգային հարթակներում ներկայացնելու համար: Նա հանդես է եկել ողջ Եվրոպայով մեկ, Չինաստանում, Հնդկաստանում, Եթովպիայում, Մալայզիայում և այլուր: Հայաստանում Օրտագեն իր տրիոյի հետ էր երկրորդ անգամ: Նրա հետ տրիոյի կազմում ելույթ են ունեցել ֆլամենկոյի անկրկնելի երգչուհի Նատալյա Մարին Լոպեսը, որը մեծ ճանաչում ունի Իսպանիայում և վիրտուոզ կիթառահար Ալեք Ուիլլիսը, որը տպավորիչ միջազգային կարիերա է կերտել և հանդես է եկել ֆլամենկոյի լեգենդար ներկայացուցիչների հետ: 

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ