1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 110 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությանն անհաջող մասնակցեց` երեք մոտեցումից հետո չբարձրացնելով 185 կգ ու 187 կգ: Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիրը հրաժարվեց հրում վարժությունից:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ` գլխավերևում պահելով 187 կգ: Այս վարժությունում Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը կրկին մեկ հաջող մոտեցում ունեցավ ու բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է: