Մեզ համար Հունգարիայի դեմ խաղում ոչ-ոքին լավ արդյունք կլինի. Եղիշե Մելիքյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ ոչ-ոքին դրական արդյունք է համարելու:
«Մեզ համար տարբերություն չկա Պորտուգալիայի դեմ խաղից հետո, թե Իռլանդիայի դեմ խաղից առաջ, թե այժմ: Մենք ունենք մեկ նպատակ` հասնել լավ արդյունքի: Առաջնահերթն առաջիկա հանդիպումն է, ավելի հեռուն դեռ չենք նայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով Հունգարիայի հավաքականի առաջատար Դոմինիկ Սոբոսլաիին` Մելիքյանն ընդգծեց, որ նա բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է, սակայն Հունգարիայի ընտրանու կազմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են խնդիրներ լուծել:
«Մենք լավ թիմ ունենք, որը մեծ հավատ ունի, վաղը պայքարելու ենք, քանի որ նվիրված ենք հավաքականին: Մեզ համար Հունգարիայի դեմ խաղում ոչ-ոքին լավ արդյունք կլինի»,- շեշտեց նա:
Հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում: