ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարարի հետ
2 րոպեի ընթերցում

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար տիկին Ամնա ալ Շամսիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկեցինք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Զրույցի առանցքում էր Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming-Montreal Global Biodiversity Framework)։
Քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, կարևոր համարեցի նրանց փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։
Մենք վճռական ենք COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանն ու շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունն ու ԱՄԷ-ի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը արդեն իսկ ունեն հուշագիր համագործակցության մասին, որի շրջանակում իրականացվում են մի շարք նախաձեռնություններ` ուղղված՝
- Կլիմայի փոփոխության դեմ պայքարին,
- Կենսաբազմազանության պահպանությանը,
- Շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը,
- Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը,
- Բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը,
- Էկոտուրիզմի զարգացմանը»,- ասվում է գրառման մեջ:
Ըստ աղբուրի՝ կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտի փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործմանը։