Վահան Կոստանյանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի դինամիկան
3 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և այն վավերացնելու պատրաստակամությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Փոխարտգործնախարարն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն պնդումներին, թե Հայաստանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով որևէ օգուտ չի ստացել:
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն՝ խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու, և սկսվել է այդ գործընթացը։ Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասաց Կոստանյանը:
Վահան Կոստանյանը նշեց՝ հայկական կողմը հույս և վստահություն ունի, որ խաղաղության գործընթացը կգնա դրական ուղով:
«Այն ընդհանուր դինամիկան, որ տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո, դրական ենք գնահատում: Այն հայտարարությունները, որոնք հնչել են նաև Սպիտակ տանը, խոսում են այն մասին, որ մենք մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը:
Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։