Էջմիածնի նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նրա ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման,  պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ քաղաքապետի տեղակալի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

«Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Կ. Գ.-ն, ի պաշտոնե հանդիսանալով նշված անշարժ գույքերի օտարման գործընթացում աճուրդային հանձնաժողովի նախագահ, դրանք իր հետ փոխկապակցված անձի՝ Ն. Ա.-ի սեփականությունը դարձնելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների հետ խմբի կազմում, անտեսելով օրենքի պահանջները, անցկացրել է ձևական աճուրդ, որի արդյունքում  հաղթող է ճանաչվել իր հետ փոխկապակցված մեկ այլ անձ: Վերջինս, նախապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու մասին, իր ստորագրությամբ օժանդակել է Կ. Գ.-ի կողմից իրականում տեղի չունեցած աճուրդի արդյունքների մասին կեղծ արձանագրության կազմմանը: 

Հետագայում, նշված գույքերն առանձին չորս մասերի բաժանելուց հետո, կրկին կազմակերպվել են ձևական կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում դարձյալ հաղթող  է ճանաչվել Կ. Գ.-ի հետ փոխկապակցված նույն անձը, իսկ  Էջմիածնի քաղաքապետը հաստատել է դրանց վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները և հանձնարարել անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր կնքել աճուրդում հաղթած անձի հետ: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տվյալ անձի սեփականության իրավունքը, սակայն դրանք փաստացի տնօրինվել են Ն. Ա.-ի կողմից: 

Նկարագրված ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում՝ համայնքին պատկանող անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարվել են շուկայականից էականորեն ցածր՝ 17.215.142 ընդհանուր արժեքով»,- մանրամասներ են հայտնում կոմիտեից: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,  314-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ն. Ա.-ին՝ նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կ. Գ.-ին օժանդակած անձին: 

Քրեական  վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը