Ամերիկաբնակ բժիշկն անդրադարձավ Հայաստանում ակնաբուժական խնդիրների առանձնահատկություններին ու ոլորտի ձեռքբերումներին
5 րոպեի ընթերցում
Հայաստանում ակնաբուժությունը տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ, ամերիկաբնակ բժիշկ Ջոն Հովանեսյանը։
Նրա խոսքով՝ Հայկական ակնաբուժության նախագծի գործունեությունը Հայաստանում ներկայում շատ է տարբերվում առաջին տարիների գործունեությունից, որովհետև դեռևս հետխորհրդային առաջին տարիներին իրենց այցելությունների ընթացքում դեռևս չկային ակնաբուժության զարգացման կամ առաջադեմ միջամտությունների համար անհրաժեշտ միջոցներ՝ տեխնոլոգիա, գործիքներ, որոնք թույլ կտային զարգացած ակնաբուժական ծառայություններ մատուցել։
«Հետխորհրդային առաջին տարիներին, երբ եկանք Հայաստան, մենք էինք իրականացնում վիրահատություններ՝ ժամանակի ընթացքում տեղի մեր գործընկերներին փոխանցելով մեր փորձը։ Այժմ, երբ գալիս ենք, տեսնում ենք, թե ինչպես են հայ բժիշկները հրաշալի կերպով վիրահատում բուժառուներին»,-նշեց Հովանեսյանը։
Նրա դիտարկմամբ՝ ի տարբերություն աշխարհում հայտնի կամ տարածված ակնաբուժական խնդիրների, Հայաստանն ունի իր առանձնահատկությունները՝ պայմանավորված բնակչության գենետիկ միատարրությամբ։
«Իրականում, երբ հայ մասնագետներն արտերկրում մասնակցում են համաժողովների, դրանք այնքան էլ մեծ օգտակարություն չունեն, քանի որ չեն տալիս այն հարցերի պատասխանները, որոնք անհրաժեշտ են հենց Հայաստանում կիրառելու համար։ Մենք, Միացյալ Նահանգներից գալով Հայաստան, փորձում ենք գտնել հենց այն ուղիները, որոնք օգտակար են կոնկրետ այստեղի բուժառուների համար։ Այստեղ մեկնարկել ենք գլաուկոմայի հայտնաբերման և առանձնահատուկ դեպքերի բուժման ծրագիր, որի առաջին քայլը պետք է լինի ամբողջ ՀՀ-ում գլաուկոմայով հիվանդների սկրինինգը։ Ընդամենը մեկ ամիս է, ինչ ծրագիրը մեկնարկել է, բայց այս ժամանակահատվածում հայտնաբերվել է 200 բուժառու, որոնք ունեն նեղանկյուն գլաուկոմա, ինչը շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է աշխարհի այլ երկրներում, բայց Հայաստանի պարագայում՝ շատ տարածված։ Արդեն սկսել ենք այդ դեպքերի բուժումը։ Մեր ծրագիրը հնարավորություն կտա առաջիկա տարիների ընթացքում հազարավոր բուժառուների փրկել կուրությունից, քանի որ այս հիվանդությունը հստակ տանում է կուրության»,-ներկայացրեց ՀԱՆ-ի փոխնախագահը՝ հավելելով, որ գլաուկոմայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մինչև ամենաուշ զարգացման փուլը նախնական ախտանշաններ չունի։ Ըստ մասնագետի՝ կատարակտը, որը Հայաստանում բազմաթիվ բնակիչների մոտ հանգեցնում է կուրության, ամբողջությամբ բուժելի է։
«Ցանկացած մարդ, հատկապես, եթե 40 տարեկանից բարձր է, տարեկան ակնային զննում պետք է անցնի, որի դեպքում հնարավոր է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը»,-ընդգծեց Հովանեսյանը։
Անդրադառնալով Հայաստանում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող ծրագրերի կարևորությանն ու շարունակականությանը՝ կազմակերպության փոխնախագահը շեշտեց, որ աշխատանքները շատ ընդգրկուն են։ Նախ՝ ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոցը, որի գործունեությունը սկսվել է 2003 թվականից, ամբողջ ՀՀ-ում շրջայցերով և բնակչությանը բարձրորակ ծառայություններ մատուցելով, այժմ վերափոխվում է մշտական կենտրոնների։ Ըստ այդմ՝ ՀՀ 5 մարզերում արդեն գործում են մարզային ակնաբուժական կենտրոններ՝ հագեցած վիրահատական հնարավորությամբ, իսկ ևս 5 մարզերում՝ ախտորոշիչ կլինիկաներ, որտեղ իրականացվում է նաև բուժում ամբուլատոր պայմաններում։ Բացի այդ, ՀԱՆ-ը համագործակցում է Հայաստանի մարզերի մի շարք պոլիկլինիկաների հետ՝ բարելավելու ակնաբուժական ծառայությունների որակը։
Հովանեսյանի խոսքով՝ Հայկական ակնաբուժության նախագիծն առաջինն է եղել, որն արհեստական բանականությունը Հայաստանում օգտագործել է դիաբետիկ ռետինոպաթիայի հայտնաբերման համար։
«Ռիսկային խմբում գտնվողների կամ շաքարային դիաբետ ունեցողների համար ամբողջ ՀՀ-ում առանձնահատուկ սարքերով իրականացվում է սկրինինգ, որը թույլ է տալիս արհեստական բանականության՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով վերհանել դիաբետիկ ռետինոպաթիայի առկայությունը և բուժառուին ու բժշկին տալ ակնահատակի վիճակի հստակ պատկերը։ Մենք այս տեխնոլոգիան զարգացնում ենք, որպեսզի դրա միջոցով կարողանանք հայտնաբերել նաև գլաուկոման և այլ հարակից հիվանդություններ»,-մանրամասնեց մասնագետը՝ տեղեկացնելով, որ ծրագրի շրջանակներում բոլոր սկրինինգներն անվճար են, իսկ լազերային միջամտության կարիք ունեցողները կարող են այդ ծառայությունն անվճար ստանալ աչքի շարժական հիվանդանոցում։