Աբովյանի դրամատիկական թատրոնը տոնել է հիմնադրման 45-ամյակը
3 րոպեի ընթերցում

Աբովյանի դրամատիկական թատրոնը հիմնադրման 45-ամյակը նշել է գեղեցիկ միջոցառմամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքապետարանի կրթության ու մշակույթի բաժինների պատասխանատուներ, թատերական գործիչներ և այլք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ցուցադրվել է թատրոնի պատմությունը ներկայացնող փաստագրական ֆիլմ, ներկայացվել են թատերական մանրապատումներ թատրոնի խաղացանկից:
Թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը շնորհակալագրերով պարգևատրել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին՝ թատրոնի կողքին լինելու և մշակութային կյանքի զարգացմանն աջակցելու համար: Պարգևատրվել են նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Առանձնահատուկ շնորհակալության են արժանացել թատրոնի երկարամյա աշխատակիցները՝ դերասանուհի Զոյա Աղաջանյանը և ներկայացումների կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը: Հակոբ Ղազանչյանը թատրոնին պարգևատրել է ՀԹԳՄ ոսկե մեդալով՝ վերջին տարիներին ունեցած լուրջ ստեղծագործական ձեռքբերումների համար և հոբելյանի առթիվ:
ՀԹԳՄ-ի անունից հանդիսությանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀԹԳՄ նախագահի տեղակալ Սոնա Մելոյանը, որը բարձր է գնահատել թատրոնի կոլեկտիվի բազմամյա գործունեությունը և մաղթել է շարունակական ստեղծագործական հաջողություններ:
Աբովյանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1980 թվականին մշակույթի պալատի «Հայելի» ժողթատրոնի հիմքի վրա և տարիների ընթացքում դարձել է քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը՝ բեմադրելով հայ և արտասահմանյան հեղինակների գործեր, պահպանելով ավանդույթները և հաղթահարելով դժվար ժամանակներ: Այսօր թատրոնի տնօրինությունը վստահված է բեմադրիչ Արմեն Սարգսյանին: Նրա հետևողական ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքի շնորհիվ թատրոնը վերածնվել է և դարձել մշակութային կարևոր հարթակ՝ նոր շունչ հաղորդելով Աբովյանի թատերական կյանքին: Թատերախումբը հանդես է գալիս բազմազան ու բարձրարվեստ բեմադրություններով, հաստատում միջազգային համագործակցություններ և արժանանում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի: