Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության համաժողովին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գլոբալ համաժողովին, որը կայացել է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում։ Համաժողովին մասնակցել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ 

Համաժողովը համախմբել է տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առաջնորդների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառման նպատակն է քննարկել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերները, տեղեկատվության հուսալիության և ապատեղեկատվության խնդիրները, ինչպես նաև նորարար, թափանցիկ, մասնակցային և հաշվետու կառավարման արդյունավետ մոդելները։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԲԿԳ Ղեկավար կոմիտեի նիստին և պաշտոնապես ստանձնել ՀՀ Կառավարության անդամությունը կոմիտեում՝ դառնալով նախաձեռնության քաղաքականությունների մշակման մարմնի լիիրավ անդամ։ Այս նշանակալի քայլը վկայում է Հայաստանի Կառավարության շարունակական հանձնառության մասին՝ զարգացնելու բաց, ներառական և հաշվետու կառավարման մշակույթը, խթանելու քաղաքացիների մասնակցությունը և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները։

ԲԿԳ Ղեկավար կոմիտեում Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն կտա ակտիվորեն մասնակցել գլոբալ քաղաքական երկխոսությանը բաց կառավարման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ փոխանակելով լավագույն փորձառությունները և ներկայացնելով Հայաստանի բարեփոխումների արդյունքները միջազգային հարթակներում։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում