ԱՄՆ Սենատը կրկին չի ընդունել կառավարության ֆինանսավորման օրինագծերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հերթական անգամ չի ընդունել երկու կուսակցությունների կողմից առաջարկված օրինագծերը, որոնք ուղղված էին դաշնային կառավարության աշխատանքի մասամբ դադարեցված ֆինանսավորման վերականգնմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։  

Հանրապետականների կողմից մշակված և ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած  փաստաթուղթը մերժվել է սենատորների ձայների 52-42 հարաբերակցությամբ։ Դեմոկրատների կողմից ներկայացված օրինագիծը ստացել է 45 կողմ, 55 դեմ ձայն։ Կոնգրեսի վերին պալատում հաստատման համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն։

Այսպիսով, սենատորներին առայժմ չի հաջողվել ընդունել փաստաթուղթ, որը թույլ կտար դադարեցնել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կասեցումը (շաթդաունը)։ Այն սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում կառավարող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսերի, այդ թվում՝ առողջապահության ծախսերի շուրջ։ Նրանք միմյանց մեղադրում են շաթդաունի առաջացման և քաղաքական նպատակներով այն ձգձգելու համար։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ շաթդաունի դեպքում ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գործունեության համար պատասխանատու նախարարություններն ու գերատեսչությունները շարունակում են աշխատանքը: Աշխատանքը շարունակում են նաև պետական ​​այն ծառայողները, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»: Նրանք շաթդաունի դեպքում աշխատավարձ չեն ստանում, սակայն հետագայում ֆինանսավորման վերսկսումից հետո վարձատրվում են։

1977 թվականից ի վեր ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումն ընդհատվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով: Ամենաերկարատև շրջանը կազմել է 35 օր՝ 2018 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թ. հունվարի 25-ը՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում:

Հայերեն Русский