Պետք է զարգացնենք արդյունաբերությունը, միայն չիր ու չամիչ վաճառելով պետության տնտեսությունը չի աճի. Չիկագոյում ՀՀ հյուպատոսի խորհրդական

6 րոպեի ընթերցում

Երկրի տնտեսական հզորության ամենակարևոր պայմաններից մեկը նրա արդյունաբերական ներուժի զարգացումն է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս միտքը առանձնակի ընդգծեց և կարևորեց Չիկագոյում Հայաստանի հյուպատոսի տնտեսական հարցերով խորհրդական Պարույր Սարգսյանը: Նա նաև ներկայացրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման իր տեսլականը:

- Ըստ վիճակագրական տվյալների՝ նախորդ տարի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը բավական փոքր է եղել:

- Այն իսկապես չափազանց փոքր է: Տեսեք, 2024 թվականին 59-60 մլն դոլարի սահմաններում է եղել Հայաստանից Միացյալ Նահանագներ արտահանումը: Արտահանվել է մոտ 11 մլն դոլարի խմիչք (գերազանցապես գինիներ և կոնյակներ), 4.5-5 մլն դոլարի տարբեր տեսակի պահածոներ: Դա շատ քիչ է:

- ԱՄՆ-ում հայաստանյան ապրանքների հիմնական սպառողը մեր հայրենակիցնե՞րն են:

- Պետք է ձգտենք Հայաստանից արտահանված ապրանքները հասանելի դարձնել ոչ միայն Կալիֆոռնիայի կամ Գլենդեյլի շուկաներում, այլ ընդհանրապես ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում, և ոչ միայն հայերի համար: Այսինքն, պետք է նոր շուկաներ յուրացնել: Դրա համար պետք է այնտեղ ավելի լավ ներկայացնել հայկական արտադրանքը և տարբեր ոլորտների առաջատար արտադրողներին: Օրինակ, Չիկագոյում հայկական արտադրանքն արդեն իսկ վաճառվում է այն խանութներում, որոնցից օգտվում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ի տարբերություն Կալիֆոռնիայի, այնտեղ խանութների այլ ցանց ու ձևաչափ է: 

Տարբեր հաշվարկներով՝ ԱՄՆ-ում բնակվում է 1.5-2 մլն հայ: Եթե վերևում նշածս 11 միլիոնը, իսկ ամսական կտրվածքով՝ մոտ 900 հազար դոլարը, բաժանենք մեր հայրենակիցների թվին, ապա խմիչքի պարագայում մեկ անձի հաշվարկով ամսական կստանանք 0.75, իսկ պահածոների պարագայում՝ 0.35 ցենտ: Մինչդեռ, մեկ տուփ սուրճը 4.5 դոլար է: Այսինքն, օրական սուրճի համար մեր հայերն ավելի շատ գումար են ծախսում, քան Հայաստանից ներմուծված խմիչքի: 

Եթե Հայաստանի մեծ ընկերությունները կարողանան ներկայացուցչություններ, պահեստներ ունենան ԱՄՆ-ում, ապա աշխատանքն ավելի արդյունավետ կկազմակերպվի: Նաև պետք է պարտադիր մասնակցեն ԱՄՆ-ում կազմակերպվող տնտեսական ցուցահանդեսներին, ծանոթանան տեղի շուկայի պահանջարկին:

Անչափ կարևորում եմ նաև պատվավոր հյուպատոսությունների ինստիտուտի զարգացումը, քանի որ դրանք կարող են դառնալ արտերկրում Հայաստանի տնտեսական և մշակութային «ականջները» և «աչքերը» և շատ օգտակար կլինեն: 

Նաև ուզում եմ նշել, որ մեր երկիրը կհարստանա և ավելի անվտանգ կդառնա, եթե զարկ տանք արդյունաբերության զարգացմանը: Միայն չիր ու չամիչ վաճառելով պետության տնտեսությունը չի աճի: Մի օրինակ բերեմ. ամերիկացիները շատ են օգտագործում տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, որոնց պահեստամասերը ներկրում են հեռավոր երկրներից: Մի՞թե անհնար է Հայաստանում կազմակերպել այդ պահեստամասերի արտադրությունը և դրանց արտահանումն ԱՄՆ: Առավելևս, որ այստեղ ունենք բավականին որակյալ աշխատուժ, որը կարող է դա ապահովել:   

- Որքանո՞վ դա տնտեսապես նպատակահարմար կլինի այն պարագայում, երբ ԱՄՆ ղեկավարությունը վերջերս շեշտակի բարձրացրեց ներկրման մաքսատուրքերը:

- Յուրաքանչյուր խնդիր նաև հնարավորություն է: Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնց նկատմամբ սահմանվել է ներկրման ցածր մաքսատուրք: Սա պատեհ առիթ է, որից պետք է ճիշտ օգտվել և փորձել ամերիկյան շուկայում զբաղեցնել այն նիշը, որը հիմա զբաղեցնում են ավելի բարձր մաքսատուրքի տակ հայտնված երկրները: Հասկանալի է, որ Հայաստանը միանգամից չի կարողանա ապահովել այն ծավալները, որոնք ունեն Չինաստանը, Մալայզիան և մյուս երկրները, բայց պետք է փորձել փոքր քայլերով առաջ շարժվել: Ես կողմնակից եմ նոր տեխնոլոգիաների միջոցով արդյունաբերական արտադրության զարգացմանը:    

- Վերջերս տեղի ունեցած համաժողովի շրջանակում Ձեր ելույթում անդրադարձաք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործող կրկնակի հարկման խնդրին: Որքանո՞վ է կարևոր այդ գործոնը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում:

- Դա չափազանց կարևոր խնդիր է: Հատկապես, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի պարագայում: Շուտով կլրանա երկրորդ ամիսը, բայց առայժմ չեն նկատել մարդկանց, որոնք ոչ թե քննադատում են այդ համաձայնությունները կամ փորձում են հակադարձել այդ քննադատություններին, այլ հեռանկարային ծրագրեր են կազմում: Երկրում եղած տնտեսական, քաղաքական խնդիրներով հանդերձ պետք է ընդունել, որ տեղի ունեցածը դրական ազդակ է: Այսօր պետք է աշխատել նախագծեր կազմելու, հաշվարկներ իրականացնելու և մտահղացումներն իրականացնելու ուղղությամբ:

- Դրանով պետք է կառավարությո՞ւնը զբաղվի, թե՞ նաև մասնավոր հատվածը:

- Դա գերազանցապես կառավարության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների տիրույթում է:

Հայերեն العربية

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել

Ամփոփվել են Գավառ համայնքում անցկացված հանրային քննարկումները

Փաշինյանի ներկայությունը Խամենեիի հրաժեշտի արարողություններին Իրան-Հայաստան հարատև կապի մասին է վկայում. դեսպան

Գեղարքունիքի մարզպետը դիպլոմներ և գովասանագրեր է հանձնել հանրապետական օլիմպիադայում հաղթած աշակերտներին

Թուրքիայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

ԵՄ-ն պատրաստ է խորացնել տնտեսական և առևտրային համագործակցությունը Հայաստանի հետ. Մագդալենա Գրոնո

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4320-ի

ՀՀ կառավարությունը վստահեցրել է, որ ԹՐԻՓՓ-ում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Խալիլ Շիրղոլամի

Ազգային վճարային համակարգի նոր փուլը. ARCA-ն ընդլայնում է միջազգային հնարավորությունները

Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը Դիլիջան համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան