Հայաստան

Սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է

2 րոպեի ընթերցում

Սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:

Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու:

Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:

Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստենտավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական որոշ խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը:

Իսկապես, բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որն հատկապես ուղղված է կյանքը փրկելուն և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով, որ միայն նախորդ տարի «Ստենտ` կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է:
 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում