Հայաստան

Երևանում անցկացվեց Հայաստանում զբոսաշրջության խթանման ամենամեծ փառատոնը

6 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց Հայաստանում զբոսաշրջության խթանման ամենամեծ փառատոնը

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում սեպտեմբերի 26-ին անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակում ներկայացվեցին Հայաստանի 10 մարզերի զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունը, դիտարժան վայրերը, բնորոշ խոհանոցն ու արկածային ճանապարհորդության հնարավորությունները։

Ցուցահանդեսն ուղեկցվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագրով համաժողովով: Միջոցառումն ամփոփվեց երեկոյան՝ YereOne Project-ի մասնակցությամբ կայացած համերգով:

Մինչ այդ, տարբեր մարզերի համար նախատեսված տաղավարներով շրջայց կատարեցին, ներկայացված առաջարկներին ծանոթացան և ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցեցին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին և մեր երկրի հյուրերին ծանոթացնել հանրապետության զբոսաշրջային հնարավորություններին:

«Հուսով եմ, մարզերից եկած թիմերը կկարողանան հավուր պատշաճի ներկայացնել իրենց զբոսաշրջային հնարավորությունները, որպեսզի կարողանանք ավելի զարգացնել ներքին զբոսաշրջությունը ի նպաստ ՀՀ քաղաքացիների: Ինչպես գիտեք, հաստատվել է ենթակառուցվածքների զարգացման երկրորդ ծրագիրը, մասնավորապես, առաջիկա 5 տարիներին շուրջ 120,5 միլիոն դոլար է ուղղվելու մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Դրան զուգահեռ արտաքին շուկաներում իրականացնում ենք մարկետինգային ակտիվ միջոցառումներ, նաև հեշտացնում ենք Հայաստան այցելելու գործընթացը: Կարծում եմ, նաև դրա շնորհիվ այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին ունեցանք զբոսաշրջային այցելությունների ռեկորդային մակարդակ, որը, հուսով եմ, կպահպանվի: Իսկ ներքին զբոսաշրջության միջին աճը վերջին տարիներին 20-30 տոկոսի շրջանակում է»,- նշեց նախարարը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը տեղեկացրեց, որ սա ներքին զբոսաշրջության խթանման ամենամեծ փառատոնն է Հայաստանում:

«Սա Հայաստանը բացահայտելու լավագույն տարբերակն է: Ըստ վիճակագրական կոմիտեի, նախորդ տարի Հայաստանում շուրջ 3 մլն մարդ զբաղվել է զբոսաշրջությամբ: Դա անչափ ուրախացնող է, նաև փաստում է, որ մեր երկրում զբոսաշրջային պրոդուկտը և փորձառությունները բազմազան են՝ տարեցտարի ավելանում և ավելի հետաքրքիր են դառնում: Կան բազմաթիվ հյուրատներ, նորաբաց հյուրանոցներ: Յուրաքանչյուր մարզ, հյուրատուն և հյուրանոց յուրովի է առանձնանում»,- նշեց նա:

Ըստ Լուսինե Գևորգյանի՝ ստեղծվել է մի հարթակ, որը Երևանում գործող զբոսաշրջային օպերատորներին հնարավորություն է ընձեռում հանդիպելու և անմիջականորեն շփվելու մարզերում գործող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց նաև, որ հանրային լուրջ արձագանք է առաջացրել իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնությամբ այս տարի ստեղծված «10 ձայն, 10 պատմություն» տեսաշարքը, որում նկարահանված տարբեր մարզերի երեխաները իրենց բարբառով պատմում են հարազատ երկրամասի չբացահայտված վայրերի մասին:

Բանախոսը նշեց նաև, որ 10 մարզերում շարունակվում են փոքր և միջին բիզնեսի աջակցման դասընթացները: Նա գտնում է, որ հայրենի զբոսաշրջային պրոդուկտներից շատերի հիմնական խնդիրն այն է, որ նրանք պատշաճ կերպով ներկայացված չեն ամրագրման կայքերում և մյուս հարթակներում, ուստի պարզապես ծանոթ չեն զբոսաշրջիկներին: 

«Ոչ թե չունենք բյուջետային կամ մատչելի զբոսաշրջային պրոդուկտներ, այլ պարզապես դրանք ներկայացնելու խնդիր կա: Հայաստանում կա զբոսաշրջային պրոդուկտի լայն սեգմենտ՝ սկսած բարձր արժեք ունեցողից մինչև մատչելի, ընդհուպ՝ մինչև ուսապարկով և վրանով ու շատ փոքր բյուջեով ճանապարհորդելու համար: Հայաստանով է անցնում համակովկասյան քայլուղին և բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ օգտվում են դրանից՝ նշելով, որ Հայաստանն իրենց այցելած ամենաանվտանգ երկրներից է»,- ընդգծեց նա:

Լուսինե Գևորգյանը պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ հայտնեց, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրված զբոսաշրջության աճին նպաստել են նաև նման ցուցահանդեսները:

«Անցյալ տարի մեր կայքը (armenia.travel) ունեցել է ավելի քան 700 հազար այցելու: Հայաստան ժամանող մարդիկ հենց օդանավակայանում հնարավորություն ունեն օգտվել այդ կայքից, որում ներկայացված վիճակագրությունը փաստում է՝ այցելուների ավելի քան 50 տոկոսը օտարերկրացի զբոսաշրջիկներ են: Ստացվում է, որ մոտ 400 հազար մարդ ծանոթացել է Հայաստանի զբոսաշրջային այցելավայրերի մասին մեր տեղեկատվությանը»,- եզրափակեց նա:

 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում