Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի՝ զինված հակամարտություններում անհայտ կորած անձանց թեմայով հարակից միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի՝ զինված հակամարտություններում անհայտ կորած անձանց թեմայով հարակից միջոցառմանը

Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Անհայտ կորած անձինք զինված հակամարտություններում․ պատասխանների որոնման խթանումը» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է, որը հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության և տառապանքի մեջ։ Նա ընդգծել է, որ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքը հիմնարար է և պետք է ապահովվի ամենայն հրատապությամբ ու կարեկցանքով, և հավելել, որ քաղաքական նկատառումները չպետք է ստվերեն խնդրի մարդասիրական բնույթը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է անհայտ կորած անձանց խնդրի հասցեագրման գործում միջազգային գործընկերների հետ առկա համագործակցությունը և ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է մասնագիտացված կառույցների հետ փորձառության և տեղեկության փոխանակումը՝ ուղղված անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների խթանմանը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի՝ անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդիրների հասցեագրման նպատակով ներառված դրույթներին՝ շեշտելով ճակատագրերի բացահայտման, մնացորդների որոնման և արդարության հաստատման հարցում համատեղ պատասխանատվության ընկալման և այս խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցային մոտեցման կարևորությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է հարցի հրատապությունը և նշել, որ մարդասիրական խնդիրների հասցեագրումը՝ որպես առաջնահերթություն, կարող է հարթել հաշտեցմանը, արդարությանը և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը տանող ուղին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում