Միացյալ Նահանգներ

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել զգայուն հարցեր

2 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել զգայուն հարցեր

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս նրանց քննարկել զգայուն հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ РБК ռադիոյին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու նախագահների միջև հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել բավականին զգայուն թեմաներ, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման թեման, և միմյանց փոխանցել հիմնական ուղերձներ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ երկրների դիրքորոշումները և համապատասխան դիրքորոշումների պատճառները», - ասել է նա։ 

Նա նաև նշել է, որ Թրամփը չի կարող չնկատել Ռուսաստանի պատրաստակամությունը խաղաղ կարգավորման համար։ 

«Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ Թրամփը շարունակում է ցուցաբերել քաղաքական կամք և մասնակցել կարգավորման գործընթացին։ Մենք ողջունում ենք դա, և նախագահ Պուտինը անձամբ բարձր է գնահատում դա», - հավելել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում առկա բարդ հարցերը լուծելու համար խորհրդակցություններին, Պեսկովն ասել է, որ դրանք դանդաղ են ընթանում և մինչ օրս գրեթե ոչ մի արդյունք չեն տվել։

«Այս ուղին դանդաղ է ընթանում՝ գրեթե զրոյական արդյունքներով, չնայած որոշակի կենսունակություն դեռ կա, և շարունակվում են քննարկումները բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամանակի մասին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այնքան բարդ են, որ անհապաղ առաջընթաց չպետք է սպասել։

«Ցավոք, ամերիկյան կողմը շարունակում է բոլոր բանակցությունները և ցանկացած համագործակցային գործընթաց կենտրոնացնել բացառապես ուկրաինական կարգավորման վրա», - հավելել է Պեսկովը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում