Կրթություն

Ժաննա Անդրեասյանն ու Կլաուդիա Բեքերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև գիտության ոլորտում համագործակցության ուղիները

3 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ու Կլաուդիա Բեքերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև գիտության ոլորտում համագործակցության ուղիները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ողջունելով ռեկտորին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գիտակրթական կառույցների և Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև համագործակցությունը կարևոր ուղենիշ կարող է հանդիսանալ կրթության ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման և գիտական ներուժի փոխադարձ ամրապնդման համար։ 

 

«Այս համագործակցությունը ոչ միայն կնպաստի գիտական և ակադեմիական կապերի խորացմանը, այլև կարող է ունենալ երկարաժամկետ և հեռանկարային ազդեցություն՝ նպաստելով երկուստեք արդյունավետ նախագծերի իրագործմանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ներկայացնելով գերմանական կողմի հետ համագործակցության մանրամասները: Նա նշել է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման պատասխանատուն գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերությունն է, իսկ տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի պատասխանատուն՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանը (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպությունը: Կողմերը քննարկել են ակադեմիական քաղաքում ստեղծվող խոշորացված բուհերի համագործակցության հնարավորությունը Գերմանիայի առաջատար բուհերի հետ, ինչպես նաև համատեղ մասնակցության հեռանկարները ԵՄ աջակցության կամ DAAD ծրագրերին (Erasmus+, Horizon Europe)։ Քննարկումը ծավալվել է նաև «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցության և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման շուրջ՝ դիտարկելով բոլոր հնարավորությունները: 

Կլաուդիա Բեքերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում հայկական կողմի հետ կրթական ու հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորություններով: 

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում