Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, որից հետո կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը։ 

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։ 

Նշվում է, որ աշնանային նստաշրջանի օրակարգում են լինելու Գազայի հատվածում աշխատող լրագրողների կյանքի պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելուն ուղղված հրատապ ջանքերի անհրաժեշտության հարցերը։ 

Բացի Նիկոլ Փաշինյանից, ԵԽԽՎ-ում ելույթներ կունենան նաև Մալթայի նախագահ Միրիամ Սփիթերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և տուրիզմի նախարար, նախարարների կոմիտեի նախագահ Իեն Բորջը։ 

Աշնանային նստաշրջանի ընթացքում դեբատներ կանցկացվեն նաև ԵԽԽՎ-ի կողմից Ղազախստանին և այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու թեմայով, որի ընթացքում ելույթ կունենա Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը։ 

Օրակարգում է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և խորհրդարականների մասնակցությամբ հարցուպատասխանը։ 

Նստաշրջանի օրակարգում է նաև հաջորդ 5 տարիների համար ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում