Հայաստան

97% կատարողական՝ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման գործընթացում. ՆԳՆ–ն բարելավում է հայտերի կատարման ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

97% կատարողական՝ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման գործընթացում. ՆԳՆ–ն բարելավում է հայտերի կատարման ցուցանիշը

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներն ամբողջ ծավալով իրականացնելու գործընթացը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: 

Նախորդ տարի նախարարությունը ստացել էր 17 165 ուղեկցման հայտ` 20 170 ձերբակալված և կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ. չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27,7%-ը։ 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման թեման մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում։

Ուղեկցող ստորաբաժանման հաստիքների, միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորված տրանսպորտային միջոցների համալրման, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում հայտերի կատարման ցուցանիշը բարելավել է: 

2025 թվականի մարտ-օգոստոս ամիսներին Ոստիկանության ուժերով ապահովվել է ձերբակալվածների և կալանավորվածների ուղեկցման հայտերի գրեթե 97%-ի կատարումը, ինչը շուրջ 27%-ով ավելի է այս տարվա հունվար-փետրվար ամիսների և 25%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշից։ 

Այս ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 10 955 ձերբակալված և կալանավորված անձանց վերաբերյալ ուղեկցման հայտ. կատարվել է 10 657 անձի ուղեկցում:

ՆԳ նախարարությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովման և ուղեկցումների արժանապատիվ կազմակերպման ուղղությամբ իրականացնում է հետևողական, ամենօրյա աշխատանք․ հիմնական նպատակը՝ ուղեկցման հայտերը չբավարարելու թիվը հասցնել զրոյի:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում