Հայաստան

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Հուլիսի 20-ից ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը՝ որպես հաստատության ասոցացված գործընկերներ»,– գրել է նախարարը։

Թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Հիմք ընդունելով Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի հունիսի 11-ի առաջարկը՝ քոլեջի ղեկավար կոմիտեն հուլիսի 3-ին միաձայն հաստատել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի թեկնածությունները՝ շնորհելով քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ։ Այնուհետև հարցը լռության ընթացակարգով ներկայացվել է Եվրոպական միության անդամ պետությունների հաստատմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 10-11-ը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել էր Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ շնորհելու առաջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում