Հայաստանն օրհնված երկիր է, ժողովուրդը՝ յուրահատուկ. Ինդոնեզիայից 26 կին գործիչ ծանոթացել է հայկական մշակույթին ու պատմությանը

5 րոպեի ընթերցում

Ճանաչողական այցով Հայաստան է ժամանել Ջակարտայում գործող Կանանց միջազգային ակումբի՝ 26 անդամից բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են պետական, հասարակական, գործարար շրջանակներում հայտնի կանայք, այդ թվում՝ դեսպանների կանայք: Նրանք Հայաստանում են՝ Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հասմիկյանի նախաձեռնությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստան այցի ողջ ընթացքում նրանց հետ է դեսպանի կինը՝ Աննա Հասմիկյանը

«Անցյալ տարի սեպտեմբերի 21–ի կապակցությամբ Ջակարտայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում, ներկայացրել Հայաստանը: Դրանից հետո նրանք Հայաստան գալու մեծ ցանկություն հայտնեցին: Այսօր արդեն Հայաստան են այցելել 26 կանայք: Նրանք նախապես հետաքրքրվել են Հայաստանով, ուսումնասիրել ու անգամ իրենք են ներկայացրել այն վայրերը, որոնք անպայման ուզում են տեսնել: Չնայած ճանապարհի հեռավորությանը՝ ցանկացան անպայման այցելել նաև Տաթև»,- ասաց Աննա Հասմիկյանը: 

Պատվիրակության կազմում է Ինդոնեզիայում Բրազիլիայի դեսպանի կինը, ՄԱԿ–ում Ինդոնեզիայի ներկայացուցչի կինը, Ինդոնեզիայում Պերուի նախկին դեսպանի կինը, ձեռներեց կանայք, բժիշկ և այլք: 

Այցի ծրագիրը հագեցած է: Կանանց ներկայացնում են Հայաստանի և՛ պատմությունը, և՛ մշակույթը, և՛ խոհանոցը: Հասմիկյանը հույս հայտնեց, որ այս այցը Հայաստանը ճանաչելու, Հայաստան այցելելու մեծ խթան կլինի: Կանայք այս օրերին իրենց սոցցանցերում ակտիվորեն հրապարակումներ են անում Հայաստանից: 

«Մեծ հույս ունեմ, որ 26 հոգին կվերադառնան ու Ջակարտայում շատ–շատ մեծ թվով մարդկանց Հայաստանը ճանաչելի կդարձնեն: Այցի հիմնական նպատակը Հայաստանը հեռավոր Ինդոնեզիայում ճանաչելի դարձնելն է»,- ասաց Հասմիկյանը:

Պատվիրակությունը Հայաստանում է սեպտեմբերի 11–18–ը: Այս օրերին արդեն հասցրել են այցելել Հայաստանի շատ տեսարժան վայրեր, օրհնություն են ստացել Տաթևի վանքում, եղել են Գառնու տաճարում, Գեղարդի վանքում, Նորավանքում, Հայոց այբուբենի հուշարձանում, Էջմիածնում, Զվարթնոցի տաճարում և այլ վայրերում: Կանայք այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության ողբերգալի պատմությանը, ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բոլորը հիացած են Հայաստանի մշակույթով, բնությամբ, խոհանոցով, մրգերով, բայց նախևառաջ՝ մարդկանցով:

«Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Եվ շատ ուրախ ենք, որ Հայաստանում պատմական և մշակութային շատ վայրեր ենք տեսել: Մարդիկ շատ բարի ու բարեկամական են: Ուտելիքը ևս հիասքանչ է: Այսօր այցելել ենք նաև կոնյակի գործարան, այն հրաշալի էր: Մենք չգիտեինք, որ Հայաստանն այդքան հայտնի է կոնյակով»,- ասաց Ջակարտայում կանանց միջազգային ակումբի նախագահ Նազնին Կուբչանդանին:

Նա նշեց՝ Ինդոնեզիայում կպատմեն, որ Հայաստանում մարդիկ շատ բարեկամական են ու բարի: 

«Ամեն ինչ շատ լավ կազմակերպված է, ձեր ճանապարհները, ձեր տեսարժան վայրերը շատ մաքուր են: Մենք տեսնում ենք նաև, որ դուք շատ հպարտ եք հայ լինելու համար, շատ հպարտ եք ձեր մշակույթով և պատմությամբ, ու այդ կեցվածքը բոլոր ազգերի համար օրինակ պետք է լինի»,- ասաց ակումբի նախագահը՝ հավելելով, որ այցը հնարավոր է դարձել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանի և նրա տիկնոջ շնորհիվ:

Ջակարտայում կանանց միջազգային ակումբի փոխնախագահ Մերի Անն Վիջայան նշեց, որ շատ զարմացած ու հիացած է Հայաստանով, Հայաստանի մարդկանցով: 

«Այն աշխարհի մեծ քաղաքների նման հայտնի ուղղություն չէ, բայց Հայաստանը շատ յուրահատուկ է: Մենք այցելեցինք Գյումրի, Էջմիածին, Տաթևի վանք: Ամեն ինչ այնքան պատմական է, ես կասեի, որ հոգուս խորքն է գնացել»,–ասաց նա: 

Փոխնախագահն ընդգծեց՝ Հայոց ցեղասպանության պատմությունն, իսկապես, շատ հուզիչ է: 

«Նույնը տեղի է ունենում նաև հիմա, նույնիսկ այս դարաշրջանում։ Բայց ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը ուժեղ է և, իսկապես, շատ–շատ յուրահատուկ ժողովուրդ է։ Եվ ես գիտեմ, որ Աստված սիրում է ձեր երկիրը: Դուք իսկապես օրհնված եք: Ձեր հողը, ձեր բնությունը... Աստծո ձեռքը այս երկրում է: Մենք վերադառնալու ենք Ինդոնեզիա և պատմելու ենք մեր ընկերներին։ Մենք պատմելու ենք մեր ժողովրդին։ Մենք ավելի շատ մարդկանց կբերենք Հայաստան»: 

Ինդոնեզիայում Բրազիլիայի դեսպանի կինը՝ Միրիամ Պրատան ևս իր հիացմունքը հայտնեց Հայաստանի վերաբերյալ՝ շնորհակալություն հայտնելով Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանին ու նրա կնոջը: 

«Ձեր երկիրը շատ գեղեցիկ է, և դուք պետք է շատ հպարտ լինեք դրանով: Շնորհակալություն մեզ այստեղ ընդունելու համար»,–եզրափակեց նա:

Հայերեն English Français Русский

ՔՊ-ն ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը

Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի

Տարոն Չախոյանը հուսով է, որ նոր ձևավորված ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը կաշխատեն կառուցողական մթնոլորտում

Ռուբինյանը կարծում է, որ ընտրություններում ՔՊ-ի ստացած մանդատը բավարար է Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար

Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է նոր խորհրդարանում հարաբերությունները սկսել զրոյական կետից

Մոլդովայի վարչապետը մտադիր է պաշտոնից հեռանալ 2029 թվականին

Հայաստան-Ադրբեջան գործընթացն հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբինյան

Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հարցը