Սևան քաղաքի Շիրազ եւ Գագարին բնակավայրի նույնանուն փողոցներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ու Գագարին բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Սևան քաղաքի Շիրազ եւ Գագարին բնակավայրի նույնանուն փողոցների հիմնանորոգման աշխատանքները: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս օրերին Սեւան քաղաքի Շիրազի փողոցում իրականացվում են հողային աշխատանքներ, որին կհաջորդեն ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի կառուցումը, դիտահորերի կափարիչների և եզրաքարերի վերատեղադրումը, տեղային լուծումներով ջրահեռացման համակարգի կառուցումը և այլ շինաշխատանքներ:

Սեւանի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9995 քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 180 միլիոն 193 հազար 680 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

Հիշյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգման հաջորդ հասցեն Գագարին բնակավայրն է, որտեղ նախատեսված է Շիրազ փողոցի՝ 9616 քմ տարածքի հիմնանորոգում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 147 միլիոն 638 հազար 290 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը 50 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները Սեւան քաղաքի եւ Գագարին բնակավայրի Շիրազի փողոցներում նախատեսվում էր ավարտել այս տարվա ընթացքում։

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլով իրականացվել են Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:

Հայերեն