Նոր գիրք

«Նոր գիրք»-30/25. Արզումանյան, դը Կամոենշ, Դենիս

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-30/25. Արզումանյան, դը Կամոենշ, Դենիս

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն․ Վովա Արզումանյան, «Ինձ տանն եմ մոռացել» 

Գրքում տեղ են գտել հեղինակի վիպակն ու  թատերկերը։ Նրա բոլոր ստեղծագործություններում թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևերով, տուն որոնելու մղումն է։ Գրքում ընդգրկված աշխատանքները գրվել են  2022-2023 թվականներին։

Հեղինակն իր ստեղծագործություններում հաճախ է խոսում հեռանալու և վերադարձի երևույթի մասին։ Յուրաքանչյուր հերոս ներկայացվում է որպես ճամփորդ։ Այս ամենն ապրածի ու զգացածի արտացոլանք են։ Հեղինակային հրատարակություն։ 

Թարգմանական գրականություն․ Լուիշ Վաշ դը Կամոենշ, «Լուզիադներ»

Լուիշ Վաշ դը Կամոենշի «Լուզիադներ»-ը պորտուգալական գրականության ամենակարևոր ստեղծագործություններից է։ Ըստ էության Պորտուգալիայի ազգային էպոսն է։ Այս մեծն հերոսական պոեմում պորտուգալացի ծովագնացների Հնդկաստան կատարած ճանապարհորդությունը նույնացվում է հունահռոմեական հնագույն հերոսների սխրանքների հետ։ «Լուզիադներ»-ը հրատարակվել է 1572 թվականին՝ Պորտուգալիայում Վերածննդի դարաշրջանում։ Պոեմը բաղկացած է 8-տողանոց 1102 բանաստեղծական տնից, ընդհանուր 8816 տող։ Տասը երգով` բաժանված ութ չափածո տողերի, «Լուզիադներ»-ը անդրադառնում է պորտուգալացիների ճանապարհորդություններին «երբևէ նավեր չտեսած ծովերով»։ Ստեղծագործությանը էպիկական բնույթ է հաղորդում հերոսների կյանքի պատմական կամ առասպելական դրվագների շարադրանքը։

Թեև Կամոենշը «Լուզիադներ»-ը «կերտել է» պորտուգալացի ժողովրդի պատմությունն ու սխրանքները փառաբանելու համար, սակայն արծարծվող թեմաներն ու համատեքստերը արձագանք են գտնում այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հարուստ պատմության մեջ և ավանդույթներում։ Կամոենշի գլուխգործոցում ուղղակիորեն տեղ են գտնել հայերի և հայկական թագավորությունների մասին հիշատակումները։ Պորտուգալերենից թարգմանել է Լուսինե Բրուտյանը։ 

Գիրը լույս է տեսել «Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության» թարգմանչական մատենաշարով։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն․ Քրիստոֆեր Դենիս, «Խավարի ասպետ բուն»

Հենց այն օրվանից, երբ Բուն ծնվեց, նա երազում էր դառնալ իսկական ասպետ։ Նա կարող է ամենամեծը կամ ամենաուժեղը չլինել, բայց նրա սուր գիշերային բնազդները կարող են օգնել պաշտպանել ամրոցը, հատկապես որ վերջերս շատ ասպետներ անհետացել են։ Ասպետների գիշերային հերթապահության ժամանակ Բուն բախվում է վերջնական փորձությանը՝ վախեցնող ներխուժողի։ Դա սարսափելի մենամարտ է ցանկացած չափանիշով։ Բայց այն, ինչ Բուն չունի չափերով, նա լրացնում է խելացի գաղափարներով։ Լի խոսքախաղով և լավատեսությամբ՝ այս զարմանալի խիզախության դրսևորումը ապացուցում է, որ խելքը (և բարեկամությունը) կարող են գերակշռել ուժին։ Թարգմանությունը անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում