Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել հանդիպումից: 

«Իմ խոսքում կարևորել եմ հանդիպումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։

Հանդիպման ընթացքում վստահություն եմ հայտնել, որ պատվիրակության այցը մեծապես կնպաստի օգոստոսի 8-ի՝ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը։

Քննարկել ենք արհեստական բանականության ուղղությամբ ներդաշնակ քաղաքականությունների մշակման հնարավորությունները, Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումների իրականացումը և չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման կարողությունների զարգացումը։

Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, ներդրումների խթանման, արտահանման ընթացակարգերի պարզեցման, գիտահետազոտական (R&D) նախագծերի իրականացման, Firebird ընկերության` ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու հետ կապված, ինչպես նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն առնչվող հարցերին»,- գրել է նախարարը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության և տիեզերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր այլ ուղղություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում