Մեկնարկեց «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը․ Հայաստանը պատրաստվում է կենսաբազմազանության միջազգային համաժողովին
8 րոպեի ընթերցում

Պաշտոնապես մեկնարկեց «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը, որի մեկնարկային աշխատաժողովում ներկայացվեցին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (CBD) ու դրա իրականացումը Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համագործակցությամբ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մեծ պատիվ է հանդես գալ «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունն ազդարարող միջոցառմանը, որն արտահայտում է Հայաստանի վճռականությունը համաշխարհային ջանքերին ակտիվ մասնակցելու հարցում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը դեռ 1993-ին միացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային և հետևողականորեն իրականացնում է դրա նպատակները՝ մշակելով ազգային ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր։ Այսօր Հայաստանի տարածքի շուրջ 13 %-ն ընդգրկված է պահպանվող տարածքներում, իսկ առաջիկա 5 տարում նպատակ կա այդ ցուցանիշը բարձրացնել՝ մոտենալով միջազգային չափանիշներին։
Նախարարն ընդգծեց կենսաբազմազանության մոնիտորինգի ազգային համակարգի ներդրման, ինչպես նաև միջազգային փաստաթղթերում ու համաձայնագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորությունը։ Նա նշեց կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող լուրջ մարտահրավերները՝ ջրային պաշարների սակավություն, անտառային հրդեհներ, հողերի դեգրադացիա։
«Մինչև 2030 թվականը Հայաստանի տեսլականն է՝ կենսաբազմազանության պահպանումը դիտարկել որպես ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և սոցիալական կայունության հիմնասյուն։ Մենք ցանկանում ենք հաստատել այնպիսի մոտեցում, որտեղ բնությունը դառնում է հավասարազոր գործընկեր, այլ ոչ թե զոհ տնտեսական զարգացման ճանապարհին»,-ասաց Մաթևոսյանը՝ կարևորելով միջազգային և տեղական համագործակցությունը, հատկապես գործընթացներին երիտասարդների ներգրավումը։
Նախարարն ընդգծեց, որ «Ճանապարհ դեպի COP17»-ը բացառիկ հնարավորություն է համակարգելու ջանքերը և միջազգային հարթակներում ներկայացնելու հավակնոտ, բայց իրատեսական դիրքորոշում։ «Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կպահպանենք ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բնական ժառանգությունը»,- եզրափակեց նա։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ Հայաստանը, պատրաստվելով COP17-ին, կարևորում է ոչ միայն 2030-ի տեսլականը, այլև առաջիկա 5 տարիների քայլերը։
«Կենսաբազմազանության թեման մեզ համար մեծ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի արտառոց բնական ժառանգության տեսանելիությունը։ Ցավոք, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում քչերը գիտեն, որ Հայաստանը համարվում է աշխարհում կենսաբազմազանության 30 «թեժ կետերից» մեկը։ Մեր հավակնությունն է մեծացնել իրազեկվածությունը և ընդգծել, որ կենսաբազմազանությունը պետք է լինի սոցիալ-տնտեսական զարգացման առանցքում, ոչ թե երկրորդական դիրքում։
Այս համատեքստում կարևոր է գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության և տուրիզմի ոլորտների մասնակցությունը, քանի որ նրանք պատասխանատվություն ունեն այն պահպանելու ու վերականգնելու հարցում։ COP17-ը Հայաստանի համար երեք առանցքային ուղղություն ունի՝ միջոցառումների հաջող կազմակերպում, գլոբալ բանակցություններում Հայաստանի նախագահության դերի իրականացում և, իհարկե, երկարաժամկետ ազդեցություն Հայաստանի զարգացման վրա՝ կանաչ անցման ու էկոհամակարգերի ամրապնդման տեսքով»,- ասաց Ֆրանսուազ Ժակոբը:
Նա ընդգծեց՝ այս գործընթացը կպահանջի միջազգային պարտավորությունների ինտեգրում, հասարակության լայն ներգրավում և մասնավոր հատվածի ակտիվ մասնակցություն։ Թեև կանաչ անցումը թանկ գործընթաց է, դրա երկարաժամկետ արդյունքները դրական կլինեն ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակության համար։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ կարևոր է, որ COP17-ի կազմակերպումն ու դրա շուրջ նախաձեռնությունները դառնան ոչ միայն միջազգային հարթակում Հայաստանի դրական ներկայացման միջոց, այլև ներսում ձևավորեն հանրային լայն ընկալում ու աջակցություն։ «Կառավարությունը, համալսարանները, քաղաքացիական հասարակությունն ու մասնավոր հատվածը պետք է համատեղեն ջանքերը՝ ապահովելու կանաչ ու կայուն ապագա»,- նշեց նա։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանը, ներկայացնելով «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը, նշեց, որ այն բաց է բոլորի համար և ընդգրկում է ողջ հանրությանը։
«Ինչպես նշվեց, կենսաբազմազանության պահպանումը չի կարող դիտվել միայն մի նախարարության գործառույթ, և յուրաքանչյուր կառույց, համայնք ու քաղաքացի ունի իր դերը։ Մեր ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը բազմակողմանի են, և դրանց իրականացման համար անհրաժեշտ է համատեղ ջանք։
Այս նախաձեռնության նպատակը ոչ միայն միջոցառումների կազմակերպումն է, այլև բովանդակային քննարկումների մեկնարկը COP17-ից մեկ տարի առաջ։ Մենք փոքր երկիր ենք, բայց կարող ենք համախմբվել ու ձևավորել Հայաստանի առաջնորդությունը գլոբալ օրակարգում՝ կապ ստեղծելով տեղական և միջազգային առաջնահերթությունների միջև»,- ասաց նա:
Գասպարյանն ընդգծեց՝ «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը համատեղ իրականացնում են Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը։
Նախաձեռնության շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ մեկնարկի հանդիպում, մեծ կոնֆերանս, որը կանցկացվի հոկտեմբերի 7-ին, տարբեր վորքշոփեր ու հանդիպումներ, ինչպես նաև կրթական պլատֆորմի ստեղծում՝ «Կենսաբազմազանությունը բոլորի համար» կարգախոսով։
Նրա խոսքով՝ միջոցառումների կառուցվածքը հիմնված է միջազգային կոնվենցիայի նպատակների վրա՝ պահպանել, վերականգնել, արդարացիորեն կիսվել օգուտներով և համագործակցել։ Նպատակը Հայաստանի տեղական օրակարգերը համադրելն է գլոբալ գործընթացներին ու երկրի ակտիվ ներգրավվածությունը միջազգային որոշումների կայացման մեջ ապահովելն է։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Համաժողովը կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի հոկտեմբերի 30-ին։ Այս օրերին Երևանը կվերածվի գլոբալ հարթակի, որտեղ կձևակերպվեն կենսաբազմազանության պահպանման նոր մոտեցումներ, կքննարկվեն համատեղ գործողություններ և կխթանվեն միջազգային համագործակցության ուղիներ։