Հայաստան

Հայաստանը սկսում է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործընթացը

6 րոպեի ընթերցում

Հայաստանը սկսում է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործընթացը

Հայաստանը սկսում է ոչ ռեզիդենտների ունեցած ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը գործընկեր երկրների հետ։ Գործընթացն իրականացվում է Միասնական հաշվետվողական միջազգային ստանդարտի ներդրման շնորհիվ։ Հայաստանը դեռ 2023 թվականին վավերացրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի կողմից մշակված և ընդունված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագիրը։ Այդ համաձայնագրի դրույթների ապահովումն իրականացվում է հենց Միասնական հաշվետվողական ստանդարտների միջոցով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ Միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը նշեց, որ ստանդարտը ներդրած ավելի քան 120 երկրի հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, տարին մեկ անգամ ավտոմատ կերպով փոխանակելու են իրենց երկրի հաշվետու ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ունեցած ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը։

«Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրելու է առևտրային բանկերում և ներդրումային ընկերություններում ոչ ռեզիդենտների վերաբերյալ տեղեկությունները և փոխանցելու է գործընկերների հարկային մարմիններին։ Օրինակ՝ Հայաստանում հարկային գործունեություն ծավալող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ տեղեկությունը փոխանցվելու է Ֆրանսիային, Գերմանիայի քաղաքացունը՝ Գերմանիային»,-ասաց Աննա Թորոսյանը։ 

Թեպետ ստանդարտը ներդրել է 120 երկիր, սակայն այս տարի Հայաստանը տեղեկատվության փոխանակում է կատարելու 47 երկրի իրավասու մարմինների հետ։ Այդ երկրների ցանկն առաջիկայում ընդլայնվելու է։ Գործընթացը կատարվում է փոխադարձության սկզբունքով։ Դա նշանակում է, որ այդ երկրների հարկային մարմիններն էլ Հայաստանին փոխանցելու են ՀՀ քաղաքացիների ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն։ 

«Ստանդարտի ներդրման նպատակն է նպաստել հարկային թափանցիկության բարձրացմանը, ապահովել չվճարված հարկային մուտքերը պետական բյուջե և նվազեցնել հարկային չարաշահումերի ռիսկերը»,-ասաց Աննա Թորոսյանը։ 

Տեղեկատվության փոխանակման գործընթացն արդեն ավարտական փուլում է գտնվում։ Առևտրային բանկերի ու ներդրումային ծառայություն մատուցող ընկերությունների մեծ մասի կողմից տեղեկատվությունը հավաքագրված է։ Այն ՊԵԿ-ի կողմից մշակվում է և շուտով համապատասխան համակարգի միջոցով կփոխանցվի գործընկեր պետությունների հարկային մարմիններին։ 

ՀՀ ՊԵԿ Միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի ավագ հարկային տեսուչ Լիա Ղուկասյանը նշեց, որ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու պարտավորություն առայժմ ունեն առևտրային բանկերն ու ներդրումային ծառայություն մատուցող ընկերությունները, սակայն հետագայում այդ ցանկը կարող է ընդլայնվել։ Ի՞նչ տեղեկություններով են փոխանակվում երկրները։

«Փոխանակվում են ոչ ռեզիդենտ քաղաքացիների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններով, օրինակ՝ ֆինանսական հաշվի տարվա վերջին օրվա դրությամբ մնացորդը, ինչպես նաև եկամուտները՝ դիվիդենտները, տոկոսները։ Նաև փոխանակվում է հաշվետերերի և վերահսկող անձանց նույնականացման տվյալները։ Ասեմ, որ այդ ստանդարտի շրջանակում շեմ սահմանված է միայն իրավաբանական անձանց հաշվիների դեպքում։ Եթե այդ հաշիվների տարվա վերջին օրվա դրությամբ մնացորդը չի գերազանցում 250 հազար ԱՄՆ դոլարը, ապա այդ հաշվի վերաբերյալ տեղեկությունները չեն փոխանակվում»,-ասաց Լիա Ղուկասյանը՝ հավելելով, որ մնացած բոլոր հաշիվների համար այդպիսի շեմ սահմանված չէ և տեղեկությունը փոխանակվում է անկախ արժեքից։  

ՀՀ ՊԵԿ Միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Նարինե Միկիչյանը նշեց, որ տեղեկությունների փոխանակման համաձայնգրի մասին տեղեկատվությունը հայերենով և անգլերենով առկա է ՊԵԿ պաշտոնական կայքում։

 

«Նշված 47 երկրների ցանկը նույնպես հրապարակված է։ Հարկային մարմինը յուրաքանչյուր տարի, օրենքով սահմանված կարգով, պարտավոր է հրապարակել այդ ցանկը։ Ասեմ, որ այս գործընկեր երկրների թիվն ավելանալու է։ Համաձայնագրին նոր երկրներ են միանում ու նշում են, թե ում հետ են ուզում համագործակցել, դրանից բացի, կան արդեն համաձայնագրին միացած երկրներ, որոնք դեռ ներքին որոշակի ընթացակարգեր չեն հասցրել անցնել, դա ավարտին հասցնելուց հետո կընդլայնեն գործընկեր երկրների ցանկը։ Դա նշանակում է, որ ամեն տարի մեր գործընկեր երկրների ցանկը նույնպես ընդլայնվելու է և մենք պատշաճ կիրազեկենք քաղաքացիներին»,-ասաց Նարինե Միկիչյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում