ՀՀ-ից ԵՄ պատրաստի արտադրանքի արտահանումն ավելացել է. նախարարը՝ արտահանման որակյալ աճի և վերաարտահանման նվազման մասին
5 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության, այդ թվում արտահանման նվազումը պայմանավորված է վերաարտահանման նվազմամբ, սակայն դա էական դերակատարում չունի և չի ունենա երկրի տնտեսական աճի մեջ: Իսկ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման աճն այս տարի դարձել է որակյալ աճ, ավելանում է պատրաստի արտադրանքի արտահանումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ընդգծեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Արտաքին առևտրաշրջանառության, արտահանման նվազումը՝ վերաարտահանման կրճատման արդյունք
Նախարարը կես տարվա արդյունքներով արտաքին առևտրաշրջանառության նվազումը համարում է վերաարտահանման նվազման արդյունք: Բայց դա այնպիսի վերաարտահանում է, որը շատ ցածր տնտեսական օգուտներ է բերում Հայաստանին:
«Նվազումը 4 մլրդ 254 մլն է, որից 3 մլրդ 750 մլն-ը՝ ոսկերչական իրեր ու անմշակ ոսկի, 185 մլն դոլարը՝ պլատին, 175 մլն դոլարը՝ արծաթ և այսպես շարունակ: Այսինքն՝ 4 մլրդ 254 միլիոնից մոտ 4 միլիարդը ոսկին է, մի քիչ էլ՝ ադամանդ: Ոսկին՝ անմշակ կամ կիսամշակ փոշի, գալիս է Հայաստան և նույն տեսքով վերաարտահանվում է ԱՄԷ: Ռուսաստանից ոսկին՝ ձուլակտորով, թիթեղների տեսքով, ինքնաթիռով գալիս է Հայաստան, վերաձևակերպվում է որևէ հայկական ընկերությամբ և գնում դեպի ԱՄԷ: Այստեղից Հայաստանը օգուտ ստանո՞ւմ է, թե՞ ոչ. ոչ, չի ստանում: Հայաստանում ոչ մի բան չէր ստեղծվում»,-ասաց Պապոյանը:
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ թեև արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է, սակայն տնտեսությունն աճում է, քանի որ այդ 4 մլրդ 250 մլն-ի 95 տոկոս և ավելին Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի տվել:
«Դա է պատճառը, որ այս թվերն այսքան պակասել են, բայց տնտեսությունը կիսամյակում աճել է 5.6 տոկոսով, հարկային մուտքերը երկնիշ աճում են, զբոսաշրջային թվերը ևս երկնիշ են աճում, գյուղատնտեսությունը բարձր տեմպերով աճում է: Այդ ոսկու առևտուրը ոչինչ չի տվել Հայաստանին: Ընդհակառակը՝ էական ռիսկեր էր առաջացնում մեր տնտեսության համար: Շարունակվելու դեպքում կարող էինք հայտնվել տարբեր տեսակի պատժամիջոցների տակ»,-նկատեց Պապոյանը:
Նախարարը շեշտեց՝ կառավարությունից միշտ էլ ասել են՝ վերաարտահանումից տնտեսական աճ չկա:
«Անցյալ տարի ևս ասել ենք, որ այս է պատճառը, որ ավելացել է, բայց դրանից ՀՆԱ չի ձևավորվում: Անցյալ տարվա մոտ 6 տոկոս տնտեսական աճի մեջ այս ցուցանիշները (վերաարտահանման ցուցանիշները) էական դեր չեն ունեցել, ունեցել են շատ փոքր դերակատարություն: Եվ դա է պատճառը, որ այս տարվա նվազումն էլ որևէ էական դերակատարում չունի մեր այսօրվա տնտեսական աճի մեջ»,-նշեց Պապոյանը:
ԵՄ երկրներ արտահանման աճը դարձել է որակյալ աճ
Անդրադառնալով դեպի ԵՄ երկրներ արտահանում իրականացնողների համար աջակցության ծրագրին՝ մաքսատուրքի փոխհատուցմանը՝ նախարարը շեշտեց, որ ծրագիրը տվել է արդյունք:
«Ծրագիրը պարզապես ԵՄ արտահանման մասին չէր: Դա ԵՄ պատրաստի արտադրանքի արտահանման մասին էր»,-ասաց Պապոյանը:
Նա ներկայացրեց որոշակի ցուցանիշներ՝ 2025 թ հունվար-հունիսին դոլարային արտահայտությամբ պատրաստի սննդի արտադրանքի արտահանումն աճել է 56 տոկոսով: «Դա նշանակում է, որ մենք պատրաստի սնունդը 56 տոկոսով ավելի շատ ենք եվրոպական երկրներ արտահանում: Դա նշանակում է արտադրություն, օրինակ՝ լոլիկի մթերում, այլ մթերքների մթերում»,-նշեց նախարարը:
Պապոյանի խոսքով՝ խմիչքի արտահանումը 20 տոկոսով է ավելացել դեպի ԵՄ: Նախարարը նկատեց՝ արտահանման աճի շնորհիվ մեծանում է արտադրությունը:
Միայն թեթև արդյունաբերական արտադրանքի արտահանումն է 1 տոկոսով նվազել: Սակայն նախարարը հավատացած է, որ արդեն 7-րդ, 8-րդ ամսում տեքստիլի արտահանման էական աճ է գրանցելու: Բազմաթիվ ընկերություններ արդեն դիմել են նախարարությանը՝ արտահանման դիմաց մաքսատուրքի փոխհատուցում ստանալու նպատակով:
«Այս ծրագիրը շատ լավ աշխատում է և կաշխատի: Այս տարվա մեր արտահանման աճը դեպի ԵՄ որակյալ աճ է»,-ընդգծեց նախարարը:
Զրույցի ընթացքում նախարարը նաև մանրամասներ է հայտնել «EXPO 2025 Oսակա»–ի, հայկական տաղավարի, այցելուների՝ կանխատեսվածից շատ ավելի մեծ թվի ու սպասվող արդյունքների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
